Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումը ու ատամների զգայունությունը մինչ դուք քնած եք: Ատամի մածուկի ստեղծողները վստահեցնում են, որ այն իրոք արդյունավետ է: Նորույթը մշակել են Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Ռոբերտ Հիլլի ղեկավարությամբ:
Գիտնականները ստեղծել են բարդ կառուցվածքով նանոմասնիկներ, որոնք պարունակում են ֆարնեզոլ հակաբակտերիալ դեղամիջոցը: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս դեղամիջոցը հասցնել անմիջապես ատամի էմալի ամենախոցելի գոտիներ:
Նոր մածուկը, որը կարող է վաճառքում հայտնվել արդեն այս տարեվերջին, պարունակում է կալցիումի, ֆտորի ու ֆոսֆատի իոններ, որոնք աստիճանաբար արտազատվելով՝ ատամները մաքրելուց հետո 8-12 ժամվա ընթացքում ստեղծում են ֆտորապատիտ, որն ամրացնում է ատամի էմալը ու պաշտպանում այն քայքայումից: Մածուկը ստեղծողները վստահեցնում են, որ նման մածուկն ավելի արդյունավետ է, քան ավանդական միջոցների մեծամասնությունը, որոնք պարունակում են լուծվող ֆտորիդներ, քանի որ վերջինների օգուտը պահպանվում է ատամները մաքրելուց հետո միայն երկու ժամվա ընթացքում:
Մշակողները կարծում են, որ այդ նույն բաղադրիչները կարող են ընդգրկվել նաեւ պրոֆեսիոնալ ատամնաբուժական միջոցների կազմի մեջ, որոնք օգտագործվում են ատամները սպիտակացնելու կամ փայլացնելու համար: Մոտ ժամանակներս ծրագրում են ստեղծել առանց ֆտորի ատամի մածուկ, որը նույնատեսակ հատկություններ կունենա:






