Փսորիազով հիվանդ մարդկանց մոտ մեծանում է որովայնի աորտայի անեւրիզմի վտանգը: Այդ մասին հայտնում են դանիացի գիտնականները Ուսման Խալիդի գլխավորությամբ:
Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ փսորիազի ծանր տեսակից տառապող մարդկանց մոտ որովայնի աորտայի անեւրիզմի առաջացման վտանգը մեծանում է 67 տոկոսով, իսկ նրանց շրջանում, ովքեր տառապում են հիվանդության չափավոր տեսակից, այդ ցուցանիշը բարձր էր 20 տոկոսով: Հետազոտության շրջանակում գիտնականները միջին ծանրութան փսորիազով 60 000 հիվանդի վերաբերյալ տվյալներ են ուսումնասիրել եւ փսորիազի ծանր տեսակով 11000 հիվանդի մասին: Հետազոտության մասնակիցներին հետեւել են 14 տարվա ընթացքում:
Մեկ ուրիշ հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել էին 2015-ին, արդեն ցույց էր տրվել, որ փսորիազով հիվանդներն ավելի հաճախ են տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններից: Այդ ամենը մատնանշում է, որ փսորիազի թերապիայի համար նշանակվող հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը կարող է նվազեցնել նաեւ անեւրիզմի զարգացման հավանականությունը:
Անեւրիզմի պատռվելը առատ արյունահոսության պատճառ է դառնում, որը շտապ վիրահատության բացակայության դեպքում մահացու ելքի է հանգեցնում:
Փսորիազը մաշկի խրոնիկական բորբոքային հիվանդություն է, որով ներկայումս տառապում է երկրագնդի բնակչության մոտավորապես 4 տոկոսը: Կախված հիվանդի հիվանդացման ծանրությունից, տեղային կամ համակարգային թերապիա են նշանակում, որը թույլ է տալիս վերահսկել հիվանդությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ազատվել փսորիատիկ գնդիկներից: Փսորիազի զարգացման պատճառները մինչեւ վերջ պարզ չեն, սակայն արդեն մի քանի գեն է հայտնաբերվել, որոնց մուտացիաները մեծացնում են փսորիազի զարգացման վտանգը:






