Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները փոքրիկ ներդրվող սարք են ստեղծել, որը քիմիաթերապիայի համար դեղ է մատակարարում անմիջապես ենթաստամոքսային գեղձին: Շուտով հնարավոր կլինի դա օգտագործել քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկի` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար:
Լաբորատոր մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ իմպլանտի օգտագործումը 12 անգամ ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիայի համար ավանդական դեղամիջոցները, որ ստանում է քաղցկեղի այդ տեսակից տառապող հիվանդների մեծամասնությունը: Այժմ հետազոտության հեղինակները պատրաստվում են իրենց սարքը մարդկանց վրա փորձարկել:
«Լիովին ակնհայտ է սարքի ներուժը, որն ի վիճակի է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժումը տեղայնացնել բացառապես այնտեղ, որտեղ տեղակայված է ուռուցքը,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը` Լաուրա Ինդոլֆին: Մեր սարքի օգնությամբ հնարավոր է դեղեր ուղարկել ուռուցքի աճի վերահսկողության եւ նրա չափերի նվազեցման համար: Իսկ հենց չափը համապատասխան լինի, վիրաբույժը կկարողանա հեռացնել այն»:
Նուրբ, առաձգական ժապավենից պատրաստված սարքը հնարավոր է հարմարեցնել նաեւ այլ դժվար հասանելի ուռուցքների բուժման համար: Հետազոտողները ճկուն պոլիմերից ժապավեն են ստեղծել PLGA անվանումով, որը լայնորեն օգտագործվում է դեղերի եւ այլ սարքերի տեղափոխման համար: Ժապավենը կարելի է նեղ խողովակի վերածել եւ ձողախողովակի միջոցով մտցնել օրգանիզմ, այդ պատճառով վիրաբուժական իմպլանտացիան շատ պարզ է:
Հենց որ սարքը հասնում է ենթաստամոքսային գեղձին, այն ճկվում է եւ ուռուցքի ձեւն է ընդունում: Սարքի ճկունության բարձր աստիճանի պատճառով հնարավոր է այն հարմարեցնել չարորակ նորագոյացությունների բոլոր չափերին: Քիմիաթերապիայի համար դեղերը ներծծվում են հենց ժապավենի մեջ, որտեղից հետագայում բաց են թողնվում հատուկ հաշվարկված ընդմիջումներով: Ժապավենը ստեղծված է բացառապես նրա համար, որ դեղամիջոցն ուղղվի միայն ուռուցքին, ոչ թե առողջ հյուսվածքներին:






