Դեռահասի մարմնի զանգվածի գործակիցը կարող է ցույց տալ տարիներ անց սրտանոթային հիվանդությունից նրա մահվան հավանականությունը: Ջերեմի Կարկը՝ Hebrew University համալսարանից, բժիշկ Գիլադ Թվիգը՝ Sheba Medical Center կենտրոնից ու բժիշկ Հայագ Լավինը Իսրայելի Braun School դպրոցից պարզել են, որ այն մարդիկ, որոնք դեռահասության տարիներին ավելորդ քաշ ու բարձր ՄԶԳ են ունեցել, ավելի հաճախ են մահացել սրտանոթային հիվանդություններից:
Իրենց հետազոտության համար գիտնականները 1967-2010թթ ժամանակահատվածում հաշվարկել են 2.3 մլն երիտասարդ իսրայելցիների ՄԶԳ-ն 17 տարեկանում: 2011 թ. նրանք արդեն արձանագրել են 32 127 մահ՝ սրտանոթային խանգարումների, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտների պատճառով: Եվս մի քանի հարյուր դեպք այսպես կոչված հանկարծամահության հետեւանք է եղել:
Գիտնականները առաջ էլ էին պնդում, որ ճարպակալման հակում ունեցող դեռահասներին սրտի նոպայից կամ ինսուլտից վաղաժամ մահանալու վտանգը սպառնում է նույն չափով, որքան մեծահասակներին: Նոր հետազոտությունը ճշգրիտ պատասխան է տվել այն հարցին, թե որքան գեր պետք է լինի դեռահասը, որպեսզի նրա մոտ մահվան վտանգն ավելի բարձ լինի: Իսրայելցի գիտնականները պարզել են, որ որքան բարձր է դեռահասի ՄԶԳ–ն, այդքան բարձր է վաղաժամ մահվան հավանականութնունը:
Գիտնականները նաեւ պարզել են, որ վաղաժամ մահվան հավանականությունը մեծ է նույնիսկ 20-ից բարձր ՄԶԳ-ով դեռահասների մոտ, չնայած նման քաշն ընդհանուր առմամբ նորմալ է համարվում:
Գիտնականների խոսքով, այսօր մոտավորապես երեք դեռահասներից մեկը ավելորդ քաշ ունի կամ ճարպակալումով է տառապում:
«Սա հանրային առողջապահության կարեւոր խնդիր է, քանի որ վաղ տարիքում ճարպակալումը արդեն հասուն տարիքում դառնում է ռիսկի գործոն սրտանոթային հիվանդությունների ու այլ խնդիրների համար», - հիշեցնում են փորձագետները:






