Փենսիլվանիայի նահանգային համալսարանի գիտնականները  Իինոնգ Յանգի գլխավորությամբ CRISPR/Cas9 համակարգի օգտագործմամբ  խմբագրել են Agaricus bisporus սնկերի գենոմը եւ հասել են նրան, որ սնկի կտրված մասը դադարել է մգանալ օդի հետ շփումից:

Անհրաժեշտ արդյունքը ստանալու համար գիտնականները CRISPR/Cas9 համակարգի օգնութամբ նվազեցրել են պոլիֆենոլօքսիդազայի ակտիվությունը` ֆերմենտի, որը ոչ միայն սնկերի, այլեւ մրգերի, օրինակ` խնձորների եւ տանձերի մգացման պատճառ է դառնում:

Հեղինակները կարողացել են ապաակտիվացնել պոլիֆենոլօքսիդազայի գենի վեց պատճենից ընդամենը մեկը. դա հնարավորություն է տվել մոտավորապես մեկ երրորդով նվազեցնել ֆերմենտի ակտիվությունը: Նման եղանակով մոդիֆիկացիայի ենթարկված սնկերն ավելի դանդաղ էին մգանում, պահպանելով  «ապրանքային տեսքը»:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ չի նախատեսում որեւէ կերպ վերահսկել նման եղանակով փոփոխված սնկերի շրջանառությունը, որովհետեւ սնկերի գենոմի մեջ ԴՆԹ-ի նոր շարքեր չեն ներմուծվել:

Հիշեցնենք, որ գենոմի խմբագրման  CRISPR/Cas9 համակարգը վերջերս մեծ ուշադրություն է գրավում: Այս տարի բրիտանացի գիտնականները մարդկային սաղմերի գենոմի վրա փոփոխություններ իրականացնելու թույլտվություն են ստացել. նրանք կփորձեն պայքարել սաղմը մինչեւ վերջ չկրելու ու անպտղության խնդիրների դեմ: Վերջերս իրենց հետազոտությունների մասին են հայտնել նաեւ չինացի գիտնականները, որոնք փորձել են ՄԻԱՎ-ի դեմ կայուն սաղմեր ստեղծել: Նրանց փորձարկումները կարելի է հաջող անվանել միայն մասնակիորեն, որովհետեւ հաջողվել է խմբագրել  սաղմերի միայն փոքր քանակություն: