Թվում է, թե ձեռքերը լվանալուց ավելի հեշտ ի՞նչ կա: Մենք այդ ամենն անում ենք օրական մի քանի անգամ: Պարզվում է, որ ամեն ինչ այդքան պարզ չէ. որպեսզի ձեռքերը լվանալուց հետո իրոք մաքուր դառնան, անհրաժեշտ է բավականին ջանքեր գործադրել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ամերիկյան Հիվանդների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը նույնիսկ ձեռքերը լվանալու հատուկ հրահանգներ են թողարկել:   

Հետաքրքիր հանձնարարականով են հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայից եւ Սինգապուրից գիտնականները. Infection Control & Hospital Epidemiology ամսագրում նրանք նկարագրել են ձեռքերը լվանալու ամենաարդյունավետ եղանակը: 

Նոր հետազոտության հեղինակների խոսքով, ոչ բոլոր մարդիկ են իրազեկված այն մասին, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը առավելագույն մաքրման համար: 

«Ձեռքերի հիգիենան դիտարկվում է որպես վարակի տարածման կանխարգելման ամենակարեւոր միջոց, բայց սահմանափակ տեղեկություններ կան այն մասին, թե որ մեթոդն է առավել արդյունավետ», — ասել է նախագծի առաջատար հեղինակ Ջեկկի Ռեյլին: 

Պարզելու համար, թե ձեռքերը լվանալու որ մեթոդն է առավել արդյունավետ մանրէների դեմ, մասնագետները հետեւել են   42 բժշկի եւ 78 բուժքրոջ, որոնք հիվանդներին հոգ տանելուց հետո վերջույթները լվանում էին սպիրտ պարունակող միջոցներով: Արդյունքում նրանք այն եզրակացությանն են հանգել, որ ամենալավը այն մեթոդն է, որը բաղկացած է վեց փուլից (դիտել նկարները):

«Առաջարկված մեթոդը մյուսների համեմատ մոտավորապես քսան տոկոսով նվազեցնում է ձեռքի վրա մանրէների միջին թիվը, չնայած   25 տոկոսով ավելի շատ ժամանակ է խլում, քան ավանդական միջոցը (42,5 վայրկյանը 35 վայրկյանի դեմ)», - ասել են հետազոտողները:

Գիտնականների դիտարկումները նաեւ ցույց են տվել, որ ձեռքերի լվացման լիարժեք վեցփուլանի մեթոդից չեն օգտվում նույնիսկ շատ բուժաշխատողներ. Կլինիկաների անձնակազմի միայն  65 տոկոսն է ձեռքերը լվացել այնպիսի խնամքով, որպիսին խորհուրդ է տրվում: