Գենոմային հետազոտությունների ինստիտուտի եւ Արիզոնայի նահանգի համալսարանի կենսաբանները միկրո ՌՆԹ մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են մողեսի պոչի վերականգնման համար, հայտնում է   Medical Xpress պարբերականը:

Այդ գյուտի շնորհիվ բժիշկներն ապագայում կկարողանան վերականգնել մարդկային կռճիկները, մկանները եւ նույնիսկ ողնաշարը: 

Բոլորին մանկությունից հայտնի է, որ իր պոչը կորցրած մողեսը նորն է աճեցնում: Սակայն մինչ այժմ չէր պարզվել բջիջների վերականգնման մեխանիզմը: 

Հետազոտողները Anolis carolinensis տեսակի մողեսների նկատմամբ մի շարք փորձարկումներ են կատարել: Պարզվել է, որ այդ թեփուկավորները երեք միկրո ՌՆԹ մոլեկուլ ունեն, որոնք նպաստում են կարծր եւ փափուկ հյուսվածքների վերականգնմանը:  

«Մենք շատ հուզված ենք նրանից, որ հաջողվեց գտնել այդ միկրո ՌՆԹ-ն, եւ այժմ մենք կարող ենք մանրամասնորեն ուսումնասիրել դրանք: Չէ որ միկրո ՌՆԹ-ն ի վիճակի է վերահսկել մեծ քանակությամբ գեներ, ինչպես որ նվագախմբի ղեկավարն է հետեւում երաժիշտների նվագին», - հայտնագործության կարեւորությունն է բացատրում խմբի ղեկավար Քենրո Կուսումին: 

Հոդվածի առաջատար հեղինակ Էլիզաբեթ Հաթչինսի կարծիքով, ապագայում գիտնականները կկարողանան ոչ միայն ծնկի կռճիկը վերականգնել, այլեւ` ողնաշարը: Գիտնականը հույս ունի, որ արդյունքում հայտնագործությունը կօգնի վերականգնվել ՃՏՊ-ների ենթարկվածներին եւ պատերազմների վետերաններին

Մինչ այդ, գիտնականները հարյուրավոր գեների վերլուծություն էին կատարել, որոնք պատասխանատու են մողեսների մոտ բջիջների վերականգնման համար: Վեցամյա հետազոտության արդյունքների առաջին տարբերակը ներկայացված է   BioMedCentral գիտական ամսագրում: