Պիտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի կենսաբանները կարողացել են հասկանալ, թե մարդիկ ինչպես կարող են միաժամանակ տարբեր հոտեր զգալ:
Ներշնչման ընթացքում հոտի փոխանցողները, որոնք մոլեկուլների բարդ խառնուրդ են, հայտնվում են քթի հետին մասում, որտեղ կապվում են հատուկ ռեցեպտորների հետ: Դրանք, իրենց հերթին, տեղավորվում են միլիոնավոր հոտառական նեյրոնների մակերեւույթին, որոնք ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ, որտեղ տեղի է ունենում հոտերի վերծանումը:
Բարդությունն այն է, որ առանձին նեյրոններ ռեցեպտորի միայն մի տեսակ ունեն, հետեւաբար ընկալում են հոտի առանձնահատուկ մոլեկուլները: Սակայն հետազոտողները հոտառական ռեցեպտորների հարյուրավոր տարբեր տեսակներ են հայտնաբերել, որոնք հավասարաչափ բաշխված են նեյրոնների ամբողջ պոպուլյացիայով, ինչը մարդուն հնարավորություն է տալիս հոտերի լայն սպեկտր զգալ:
Հաշվի առնելով, որ ռեցեպտորի ամեն տեսակի համար մեկ գեն է պատասխանատու, անհայտ էր մնում, թե առանձին նեյրոնն ինչպես է կարողանում ճնշել գրեթե հազարավոր այլ հոտառական գեների ակտիվությունը: Եթե մեկ նեյրոնը բազմաթիվ ռեցեպտորներ ունենար, մարդը չէր կարողանա ճանաչել բույրերը:
Հետազոտողները նկատել են, որ դա ապահովվում է գեների ակտիվության կարգավորման բարդ եռակողմ մեխանիզմի միջոցով, ինչի արդյունքում մեկ գենի պատահական ակտիվացումը հանգեցնում է մյուս հոտառական գեների հետեւողական անջատմանը:
Այդ սկզբունքը նման է այն համագործակցային գործընթացներին, որոնցում մասնիկների մեծ քանակություն է մասնակցում, որոնք գործում են իրար հետ համաձայնեցված: Նման համագործակցության օրինակ է ջերմության կամ ձայնի տեղափոխումը մարմիններում, որոնք կազմված են էներգիա փոխանցելու կարողություն ունեցող բազմաթիվ մոլեկուլներից:
Էպիգենետիկ կարգավորումը գեների ակտիվության փոփոխությունն է, առանց մուտացիայի մասնակցության: Մասնավորապես, որոշ մոլեկուլներ միանում են ԴՆԹ-ին` խոչընդոտելով վերծանման գործընթացներին: Որպես ճնշիչ կարող են հանդես գալ ԴՆԹ-ի տարբեր հատվածներ, որոնք երկակի պարույրի ոլորվածության շնորհիվ թիրախ գենի մոտերքում են հայտնվում եւ խանգարում են նրա ակտիվացմանը:






