Քաղաքներում ապրող մարդկանց ավելի քան 80 տոկոսը կեղտոտ օդ է շնչում: Այդ խնդիրն այժմեական է աշխարհի բոլոր երկրներում, բայց աղքատ պետություններում այն հատկապես արտահայտված է: Այդ մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:   

ԱՀԿ-ի տվյալներով, ցածր եւ միջին եկամտով երկրներում ավելի քան 100 000 բնակչություն ունեցող քաղաքների   98 տոկոսը չի համապատասխանում օդի որակի վերաբերյալ ԱՀԿ-ի ստանդարտներին: Իսկ եկամտի բարձր մակարդակով երկրներում նման քաղաքների մասնաբաժինը  56 տոկոս է: Աշխարհի ամենակեղտոտ քաղաքների ցուցակում ներառվել են Դելին, Կահիրեն եւ Դակկան: Ասիայի հարավ-արեւելքի քաղաքներում եւ Միջերկրական ծովի  արեւելյան ափին եւս աճում է օդի աղտոտվածության մակարդակը: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի տվյալներով, օդի որակը վատանում է աշխարհի քաղաքների մեծամասնությունում. 2008-ից 2013-ին վնասակար նյութերի խտությունն աճել է 8 տոկոսով:

Հետաքրքիր է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքների օդը, ընդհակառակը, բարելավվում է: ԱՀԿ-ի հրապարակած քարտեզում եվրոպական եւ ամերիկյան քաղաքների մեծամասնությունը «կանաչ գոտում է». դրանց մթնոլորտում վնասակար նյութերի կենտրոնացումը մեծ չէ:  

ԱՀԿ-ի մասնագետները հիշեցնում են, որ օդի աղտոտվածությունը լրջորեն ազդում է խոշոր քաղաքների բնակիչների առողջության վրա` մեծացնելով սրտանոթային հիվանդությունների, ուղեղի կաթվածների, շնչուղիների եւ թոքերի հիվանդությունների ռիսկը:  Ավելին, օդի աղտոտվածությունը  խոշոր քաղաքների բնակիչների շրջանում մահվան եւ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է դարձել:    ԱՀԿ-ի կարծիքով, այդ խնդիրը նախ եւ առաջ հարվածում է երիտասարդության, տարեցների եւ ամենաաղքատ բնաչության առողջությանը: