University of British Columbia համալսարանի գիտնականները մշակել են նոր սարք, որի օգնությամբ կարելի է գտնել այն քաղցկեղային բջիջները, որոնք բաժանվել են առաջնային ուռուցքից ու հայտնվել հիվանդի արյան մեջ: Այդ սարքի օգնությամբ հնարավոր է քաղցկեղի ախտորոշումն ու հետագա բուժումն ավելի արագ ու արդյունավետ դարձնել:
Արյան բջիջները ու ուռուցքային բջիջները տարբեր ձեւեր, չափեր ու առաձգականություն ունեն, բացատրում են գիտնականները: Սարքն ունակ է տարբերել այդ առանձնահատկությունները՝ հետեւաբար նաեւ առողջ բջիջները քաղցկեղայիններից:
Սարքն արդեն հաջողությամբ փորձարկվել է 4 առողջ կամավորների ու 20 հիվանդների արյան նմուշներում, որոնք տառապում էին շագանակագեղձի քաղցկեղի ամենադժվար բուժվող տեսակներից մեկով՝ մետաստատիկ կաստրատ ռեզիստենտային քաղցկեղով: Գիտնականների խոսքով, այս սարքը, որի օգնությամբ հաջողվել է վերլուծել բջիջների ավելի քան 90 տոկոսը, 25 անգամ ավելի արդյունավետ էր, քան CellSearch համակարգը, որը հիմա է օգտագործվում:
Հիմա սարքի հեղինակները ծրագրում են ավելի լայնածավալ հետազոտություն իրականացնել: Ուռուցքային բջիջների ուսումնասիրության օգնությամբ նրանք հույս ունեն բացահայտել մուտացիաները, որոնք ասոցացվում են քաղցկեղի մետաստատիկ տեսակների հետ, իսկ արյան հոսքում գտնվող քացղկեղային բջիջների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը կօգնի ժամանակին սկսել բուժումը ու կանխել մետաստազների առաջացումը:






