Շատ կանայք անտեսում են ժամկետանց կոսմետիկայից չօգտվելու նախազգուշացումները։ Եվ իզուր։ Պարզվում է, որ հին կոսմետիկ միջոցների մեջ կան բակտերիաներ, որոնք կարող են առաջացնել արյան վարակ, սեռական օրգանների եւ միզուղիների ինֆեկցիա, գաստրոէնտերիտ եւ անգամ մենենգիտ։ Այս մասին հայտնել են London Metropolitan University-ի գիտնականները։
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման համաձայն՝ յուրաքանչյուր 5-րդ կին երկրում 5 տարի շարունակ օգտագործում է նույն կոսմետիկ միջոցը՝ դրանով իսկ վտանգելով իր առողջությունը։
Հետազոտության շրջանակներում գիտնականները փորձարկել են ժամկետն անցած 5 տարբեր կոսմետիկ միջոցներ՝ շրթներկ, շուրթի փայլ, թարթիչների սեւաներկ, դեմքի քսուք եւ վարդաներկ։ Ստուգումները ցույց են տվել, որ ժմակետանց կոսմետիկան պարունակում է մեծ քանակությամբ (այդ թվում՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն) մանրէներ։
Մասնավորապես ժամկետանց կոսմետիկայի մեջ հայտնաբերվել են մենինգիտի, բակտերիալ վագինոզի, գաստրոէնտերիտի, միզուղիների եւ շնչառական ուղիների, ինչպես նաեւ մաշկային ինֆեկցիաների հարուցիչներ։
Ընդ որում, մասնագետների խոսքով, կանայք հազվադեպ են հետեւում կոսմետիկան փոխելու կանոններին։ Կանանց մեկ քառորդն, օրինակ, թարթիչների սեւաներկը, մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չի փոխում, չնայած դա խորհուրդ են տալիս անել ամեն 3 ամիսը մեկ։ Բացի այդ, կինը երկար ժամանակ օգտվում է շպարը մաքրող միեւնույն նյութից եւ շթրներկից։






