Մոտ 150 գիտնական, իրավաբան եւ բիզնեսի ներկայացուցիչ է մասնակցել Հարվարդի բժշկական դպրոցում տեղի ունեցած խորհրդակցությանը մարդկային սինթետիկ գենոմի ստեղծման վերաբերյալ, որն ուղիղ ճամփա կբացի արհեստական մարդու ստեղծման ուղղությամբ: 

The New York Times-ի վերլուծաբան Էնդրյու Պոլակի (Andrew Pollack) դիտարկմամբ, միջոցառումն ընթացել է փակ ռեժիմում, իսկ ներկաներին խնդրել են դեպքերի մասին չտարածվել մամուլում կամ սոցցանցերում: 

Սինթետիկ գենոմի ստեղծումը լրջորեն տարբերվում է արդեն կիրառվող խմբագրումից. խոսքը որեւէ գենի փոփոխության մասին չէ, այլ քիմիական միացությունների օգնությամբ ԴՆԹ-ի բոլոր բաղադրիչների ստացման: Արհեստական բազային զույգերը կենսաբաններին թույլ կտան հաղթահարել օրգանիզմների հետ փորձարկումներում բնական սահմանափակումները: Հեռանկարում տեխնոլոգիան մեկնակետ կդառնա այսպես կոչված   «քվազի մարդու» ստեղծման համար, որը ազգակցական կապեր չունի գենետիկ մակարդակում, այսինքն կենսաբանական տեսակից դուրս է:  

Երբ փակ հանդիպման մասին տեղեկությունները հայտնվել էին ԶԼՄ-ներում, Հարվարդի գենետիկայի պրոֆեսոր Ջորջ Չերչը (George Church) հայտնել էր, որ մասնակիցները քննարկել են ոչ թե մարդու սինթետիկ գենոմը, այլ ԴՆԹ-ի երկար թելերի սինթեզման ուղիները: Խորհրդակցության գաղտնի բնույթը նա բացատրել է գիտական ամսագրում աշխատանքների արդյունքների հրապարակման պլաններով: 

Միաժամանակ Պոլակը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Չերչի նախագիծն ի սկզբանե կոչվում էր   «HGP2: The Human Genome Synthesis Project» - «HGP2. Մարդու սինթետիկ գենոմի նախագիծ», իսկ հրավիրատոմսերում նշված էր, որ տեխնոլոգիայի առանցքային խնդիրը  «բջջային գծում մարդու լիարժեք գենոմի սինթեզումն է առաջիկա  10 տարվա ընթացքում»: Հետագայում անվանումը փոփոխվել էր  «HGP-Write: Testing Large Synthetic Genomes in Cells» - ««Մարդու գենոմի» նախագիծ. Բջիջներում խոշոր սինթետիկ գենոմների հետազոտություն»: