Պերդյուի համալսարանի գիտնականները նկարագրել են ֆաուստովիրուսների կառուցվածքը` վիրուսների նոր խմբի, որոնց ԴՆԹ-ն շրջապատված է երկու պաշտպանական թաղանթով: Մինչ այս հայտնի վիրուսները միայն մեկ սպիտակուցային թաղանթ ունեին` կապսիդը: 

Գիտնականների նկարագրած ֆաուստովիրուսները հսկայական վիրուսների թվին են պատկանում եւ վարակում են Vermamoeba verformis տեսակի ամեոբաներին: Հայտնվելով ամեոբաների օրգանիզմում` ֆաուստովիրուսները սկսում են ակտիվորեն վերարտադրվել եւ իրենց պատճենները ստեղծել, ինչից հետո ամեոբայի բջիջը մեկ օրում ավերվում է: 

Այդ վիրուսները ԴՆԹ-ի կրկնակի շղթա ունեն, որը կազմված է  466 000 նուկլեոտիդ զույգից եւ կոդավորող 451 սպիտակուցից: Կրիոէլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ կենսաբաններին հաջողվել է բացահայտել ֆաուստովիրուսների սպիտակուցային կառուցվածքը, ինչպես նաեւ ճանաչել ԴՆԹ-ի այն հատվածը, որը կոդավորում է կապսիդի գլխավոր սպիտակուցը: Պարզվել է, որ ֆաուստովիրուսների արտաքին թաղանթը ձեւավորվում է սպիտակուցի կողմից, որը կազմված է երկու գլանաձեւ փաթաթված շերտից:  Արտաքին թաղանթի նման կառուցվածք կարող է հայտնաբերվել նաեւ կրկնակի ԴՆԹ-ով այլ վիրուսների մոտ: 

Սպիտակուցները, որոնցից կազմված է վիրուսի ներքին թաղանթը, բացակայում են գիտությանը հայտնի մնացած բոլոր վիրուսների մոտ: Բացի մարմնի բացառիկ ճարտարապետությունից, որն օգնում է գոյատեւել անբարենպաստ պայմաններում, վիրուսը նաեւ բարդ գենոմ ունի: ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք կոդավորում են թաղանթի սպիտակուցները, ի վիճակի են փոփոխել գենետիկական տեղեկությունների հաշվման շրջանակը` նոր սպիտակուցներ արտադրելով, ինչի շնորհիվ վիրուսը հնարավորություն է ստանում հարմարվել փոփոխվող միջավայրին: 

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: