Այն մարդիկ, որոնք երկար ժամանակահատվածի ընթացքում ասպիրին են ընդունում, կարող են կորցնել տեսողությունը: Ավստրիացի գիտնականները եզրակացրել են, որ ասպիրինը կարող է կուրությամբ սպառնացող վտանգավոր հիվանդության զարգացման հանգեցնել:
JAMA Internal medicine ամսագրի հրապարակման մեջ հաղորդվում է, որ երկար ժամանակահատվածի ընթացքում ասպիրին ընդունելը մի քանի անգամ մեծացնում է մակուլոդիստրոֆիայի զարգացման հավանականությունը: Տվյալ հիվանդությունը խախտում է տեսողության օրգանների ցանցենու ամբողջականությունը, ընդ որում հաճախ զարգանում է երկու աչքում եւ կուրության առաջատար պատճառներից մեկն է:
Գիտնականները երկար ուսումնասիրել են ասպիրինի ընդունման հետեւանքը. հետազոտությունը 15 տարի է տեւել եւ այդ ժամանակահատվածում փորձարկվողների մոտ չորս անգամ ստուգվել է տեսողության որակը: Փորձարկման մասնակից խմբերից մեկը ասպիրին է ընդունել առնվազն շաբաթը մեկ, հետեւելով բժշկական հրահանգներին` թրոմբների առաջացումը կանխարգելելու նպատակով:
Նախագծի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ հենց նրանց մոտ, ովքեր ասպիրին են ընդունել, հաճախ տուժել է տեսողությունը: Մարդկանց 9,3 տոկոսի մոտ, որոնք մշտապես ասպիրին են ընդունել մակուլոդիստրոֆիա է դիտարկվել: Նրանց մոտ, ովքեր դեղամիջոցն այդքան հաճախ չեն ընդունել, հիվանդություն է հայտնաբերվել դեպքերի միայն 3,7 տոկոսում:
Ավելի վաղ ասպիրին ընդունելու եւ տեսողական օրգաններում խանգարումների հավանականության միջեւ կապի մասին եզրակացության էին հանգել ամերիկացի գիտնականները: Նրանք նաեւ եզրակացրել էին, որ դա կարող է հանգեցնել ցանցենու տարիքային դեգեներացիայի: Բացի այդ, բժիշկները մատնանշել էին, որ ասպիրինի նման ընդունումը հղի է արյունազեղման առաջացմամբ:






