Դիետան սպրինտ չէ, դիետան մարաթոն է, ասում է ամերիկացի դիետոլոգ Տանյա Ցուկերբրոտը: Երբ Դուք մի քանի ֆունտ արագորեն նիհարելու փոխարեն՝ սնվելու առողջ սովորություններ եք մշակում, սկսում եք հասկանալ, որ կյանքի մի քանի վատ օրը պատճառ չէ Ձեր սննդակարգը խախտելու համար, Fox News կայքում գրում է նա:
Ես իմ հաճախորդներին միշտ ասում եմ, որ պետք է ժամանակի 90 %-ը ճիշտ սնվել, ինչը նշանակում է, որ փոքր շեղումների համար 10% մնում է: Հաշվի առնելով, որ տարին ունի 365 օր, ստացվում է, որ 36 օր կարելի է ուտել սրտի ուզածը: Եթե Դուք ամեն դեպքում հրաժարվել եք Ձեր դիետայից, ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես դրան վերադառնալ.
Նախաճաշը բաց մի թողեք
Նախաճաշի ժամանակ բջջանյութն ու սպիտակուցները համադրելով՝ Դուք կկարողանաք հագեցնել քաղցը եւ լավացնել մարսողությունը: Այսպիսի նախաճաշ փորձեք՝ բջջանյութի բարձր պարունակությամբ 2 մթերք, սպիտակուցային օմլետ կամ ապխտած սաղմոն:
Ջուր խմեք
Ջրազրկումը կարող է նմանակել քաղցի նշաններին, իսկ ջուրը հագեցածության զգացում է տալիս:
Վստահեք բջջանյութին
Դիետիկ բջջանյութը կալորիա չի պարունակում, ուստի բջջանյութով հարուստ մթերքները գործնականում կալորիա չեն պարունակում: Բջջանյութով հարուստ համեղ մթերքներից են՝ ազնվամորին, դեղձը, խնձորը, լոբին, արտիճուկները, բրոկոլին, սպանախը եւ այլն:
Մի փոքր կերեք մինչեւ ճաշը
Մոտավորապես կեսօրին մի քիչ ուտելով՝ ճաշին շատ քաղցած չեք լինի: Կարելի է ամբողջական կրեկերներ եւ անյուղ պանիր կամ կես բաժակ հունական յոգուրտ ուտել՝ փաթիլներով կամ հատապտուղներով:
Թեթեւ ստամոքսով պառկեք քնելու
Ընթրիքին կարելի է թեթեւ, բայց սննդարար ուտելիք օգտագործել, որը բջջանյութ եւ անյուղ սպիտակուց է, ինչպես՝ տապակած ձուկ սպանախով կամ բրոկոլիով:






