51-ամյա անգլիացի Էնդի Կոուլինգը առանց գլյուտենի սննդակարգի շնորհիվ ոչ միայն ազատվել է հոդացավից, այլեւ կարողացել է բոդիբիլդեր դառնալ: 

Նրա խոսքով, առանց գլյուտենի սննդակարգն իր օրգանիզմից մաքրել է հիվանդության բոլոր ախտանիշները` ներառյալ խրոնիկական ցավը ծնկահոդում եւ արմունկներում: Ուրախացած Էնդին որոշել է ավելի հեռուն գնալ եւ 50 տարեկանից մեծ բնական բոդիբիլդերների մրցությունների մասնակցել, որտեղ վերջերս կարողացել է առաջին տեղը զբաղեցնել:  

«Իմ կյանքում սննդի փոփոխությամբ ֆիզիկական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք ամբողջությամբ փոխեցին ամեն ինչ, պատմում է Էնդին: Ես բոլորովին էլ բոդիբիլդերների սննդակարգի չէի հետեւում, ավելի շուտ դա քարանձավային մարդու սննդակարգ է, որը ոչ մի վերամշակված սնունդ չի պարունակում»:

Ռեւմատոիդ հոդացավն իրենից ներկայացնում է հոդերի հիվանդություն, երբ դրանք այտուցվում են եւ կարող են ձեւափոխվել: Սովորաբար հիվանդությունը զարգանում է «ալիքաձեւ». հիվանդագին ժամանակաշրջանները հերթագայվում են համեմատաբար հանգիստ եւ առանց ախտանիշային ընթացքի հետ:  

Ռեւմատոիդ հոդացավը աուտոիմունային հիվանդություն է, երբ իմունային համակարգը հարձակվում է մարմնի սեփական հյուսվածքների վրա, ինչն էլ բորբոքումներ է առաջացնում: Չնայած հիվանդության զարգացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ, կարծիք կա, որ դա կապված է սննդի հետ: Էնդին համոզված է, որ սննդից ածխաջրերի բացառումը թեթեւացրել է հիվանդության ախտանիշները եւ հնարավորություն է տվել ամբողջությամբ ձեւափոխել մարմինը: Նա հավատացնում է, որ առանց գլյուտենի սննդակարգը նրան օգնել է ընդհանուր առմամբ բարելավել առողջությունը: