Այսօր կարելի է տարբեր կարծիքներ լսել այն մասին, թե ինչ մթերքներ են օգտակար եւ որոնք` վնասակար: Եվ եթե կարմիր մսի եւ կաթնամթերքի վերաբերյալ միանշանակ կարծիք առայժմ չկա, սննդի գրեթե բոլոր մասնագետները կհամաձայնեն, որ շաքարը եւ վերամշակված մթերքները վտանգավոր են: 

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը պատմել է մի քանի մթերքի մասին, որոնք, իր կարծիքով, վնասակար են առողջության համար եւ որոնց քանակը սննդամթերքում արժե սահմանափակել: 

1. Շաքար

Շաքար պարունակող մթերքներն ընդամենը ժամանակավոր են ճնշում քաղցի զգացումը, սակայն ոչ մի վիտամին եւ հանքանյութ չեն պարունակում եւ ընդհանուր առմամբ ոչինչ չեն տալիս օրգանիզմին` միայն դատարկ կալորիաներ: Շաքարն ընտելացում է առաջացնում, նույնիսկ` կախվածություն եւ դա  իմանալով` մթերքներ արտադրողներն այն ավելացնում են գործնականում բոլոր մթերքներին, նույնիսկ մսային պահածոներին, կետչուպին: 

Դիետոլոգը նշել է, որ վերջերս ԱՄՆ-ում մթերքների փաթեթավորման վրա սկսել են գրել, թե դրանցում որքան շաքար է լուծված, որպեսզի մարդիկ, այդ տեղեկությունն ունենալով, իմանան, թե արժե գնել այդ մթերքները: Հայաստանում նման բան առայժմ չկա, եւ սպառողը չի կարղ իմանալ, թե ճշգրիտ որքան շաքար են պարունակում մթերքները, որոնք նա գնում է

2. Աղ

Հայերն աղ շատ են սիրում եւ շատ են օգտագործում, սակայն աղը, եթե այն չարաշահեն, բարձրացնում է հիպերտոնիայի եւ առողջության հետ կապված այլ խնդիրների ռիսկը: 

Աղը բավականին շատ է նաեւ պանրի տեղական տեսակներում, ինչը դրանք ոչ այնքան օգտակար է դարձնում: Այն պանիրները, որոնցում աղը քիչ է, կալցիումի հրաշալի աղբյուր են համարվում, այդ պատճառով չարժե դրանք բացառել սննդակարգից:    

Դիետոլոգը հիշեցրել է, որ միջին վիճակագրական մարդուն, որն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ եւ հատուկ հակացուցումներ չունի, խորհուրդ է տրվում   1 թեյի գդալ աղից ոչ ավելի: Իսկ քանի որ շատ մթերքներում, որոնք մենք օգտագործում ենք, արդեն կա աղ, եւս մեկ անգամ աղ անել խորհուրդ չի տրվում: 

3. Վերամշակված սնունդ

Վերամշակված սննդի վնասի մասին, ինչպիսիք են պահածոները, նրբերշիկը, խոզապուխտը, վերջերս շատ է խոսվում: ԱՀԿ-ն վերջերս այդ մթերքները ներառել է քաղցկեղածինների ցուցակում` այն մթերքների, որոնք օգտագործումը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: 

Վարդանուշ Պետրոսյանը նշել է, որ այդ բոլոր մթերքները մեծ քանակությամբ աղ, շաքար, առողջության համար վնասակար հագեցած ճարպեր եւ քիմիկատներ են պարունակում, այդ պատճառով դրանց քանակությունն անհրաժեշտ է սահմանափակել:   

4. Սպիտակ ալյուրից մթերքներ

Սպիտակ ալյուրը վերամշակման դեպքում կորցնում է իր բոլոր օգտակար հատկանիշները` մարդկային օրգանիզմի համար կարեւոր բոլոր վիտամինները եւ հանքանյութերը մնում են թեփուկներում: Հենց այդ պատճառով սպիտակ ալյուրից պատրաստված պիցցան անօգուտ է եւ նույնիսկ վնասակար: 

Օրինակ` սպիտակ ալյուրից մակարոնեղենը գործնականում ոչ մի սննդանյութ չի պարունակում` միայն դատարկ կալորիաներ: Սակայն շատ հայ ընտանիքներ ամենից հաճախ հենց նման մակարոնեղեն են ուտում, որովհետեւ Հայաստանում շատ դժվար է   2-րդ կամ 3-րդ կարգի ալյուր ճարել, ընդգծել է մասնագետը: Իրականում երկրորդ կարգի ալյուրից` թեփուկներ պարունակող մակարոնեղենի ինքնարժեքն ավելի ցածր կլիներ, այդ պատճառով նման մակարոնները ոչ միայն ավելի օգտակար կլինեին, այլեւ ավելի էժան, քան   «սպիտակը»: Բայց այստեղ դրանցից, չգիտես ինչու, գործնականում չեն արտադրում: