Հայաստանը 100 000 բնակչին բաժին ընկնող ինքնասպանությունների թվով աշխարհի 107 երկրների թվում 95-րդ տեղն է զբաղեցնում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով, Հայաստանում 100 000 բնակչին բաժին ընկնող ինքնասպանության 2 դեպքով իրավիճակն անհամեմատ ավելի լավ է, քան բազմաթիվ ավելի զարգացած երկրներում: Մասնավորապես, Լիտվայում այդ ցուցանիշը հավասար է 37-ի, Հարավային Կորեայում` 27-ի, Ղազախստանում` 26-ի, Ուկրաինայում` 20-ի, Բելառուսում` 18-ի, Ռուսաստանում` 17-ի: Մեր հարեւան Վրաստանն այդ ցուցակի 90-րդ տեղում է:
Հայաստանի Ոստիկանության տվյալներով, որոնք մեջբերել է Կարինե Կույումջյանը, 2015-ին Հայաստանում ինքնասպանության փորձերի եւ ինքնասպանությունների թիվը 722 է կազմել, մինչդեռ 2009-ին այդ թիվը կազմել է 498: Ընդ որում մեծացել է փորձերի թիվը, իսկ կատարված ինքնասպանությունների թիվը մնացել է նույն մակարդակում: 2009-ին 197 դեպք է եղել, իսկ 2015-ին` 208 դեպք: Միջինը ստացվում է տարեկան ինքնասպանության 200 դեպք:
Ինչ վերաբերում է ինքնասպանության փորձերին, 2009-ին 301 փորձ է գրանցվել, իսկ 2015-ին` 514, այստեղ աճ է առկա: Ինքնասպանության փորձերի եւ ինքնասպանությունների ընդհանուր կառուցվածում 2009-ին ինքնասպանությունները կազմել են 40 տոկոս, 2015-ին` 29.71 տոկոս: Այսինքն, մասնագետի խոսքով, աճում է ինքնասպանության փորձերի թիվը:
Ինչ վերաբերում է կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությանը, տղամարդիկ ինքնասպանություն են կատարում երեք անգամ ավելի հաճախ: Կանանց շրջանում ինքնասպանության դեպքերը 2009-2015-ին տարեկան միջինը 50 են կազմել: Հիմնականում (47 դեպքից 26-ը` 55 տոկոս), դրանք 30-65 տարեկան կանայք են: 47-ից 15-ը կամ 32 տոկոսը 65 տարեկանից մեծ կանայք են: Ինչ վերաբերում է ինքնասպանության փորձերին, այստեղ տարիքային կառուցվածքը փոխվում է, ավելի շատ փորձեր են կատարում 18-29 տարեկան կանայք` 42 տոկոս, 30-65 տարեկանները` 41 տոկոս:
Տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվը 2009-ին կազմել է 154, 2015-ին` 161: Ինքնասպանների 51 տոկոսը 30-65 տարեկան տղամարդիկ են, 18 տոկոսը` 18-29 տարեկան, 29 տոկոսը` 65 տարեկանից մեծ: Ինքնասպանության փորձեր կատարողների կառուցվածքում 66 տոկոսը 30-65 տարեկան տղամարդիկ են, 22 տոկոսը` 18-29 տարեկան, 11 տոկոսը` 65 տարեկանից մեծ:
Ինչ վերաբերում է ինքնասպանության դիմած մարդկանց սոցիալական կարգավիճակին, ոստիկանության տվյալներով, ինքնասպանություն գործածների 40 տոկոսը գործազուրկներ են, 31 տոկոսը` թոշակառուներ (ըստ տարիքի կամ հաշմանդամության), 7 տոկոսը` աշխատանք ունեցող մարդիկ, 4 տոկոսը` սովորողներ եւ ուսանողներ:
Ինքնասպանության փորձ կատարածների թվում գործազուրկները 58 տոկոս են կազմում, թոշակառուները` 11 տոկոս, ուսանողները եւ աշխատողները` 6–ական տոկոս:
Հայտնի են նաեւ ինքնասպանության միջոցները. մահով ավարտված կախվելու դեպքերը կազմում են 60 տոկոս, բարձրությունից նետվելը` 13-20 տոկոս, դեղ խմելը` 10-11 տոկոս, կտրող-ծակող գործիքներով իրեն սպանելը 3 տոկոս, հրազենի օգտագործումը` 4 տոկոս, այլ մեթոդները` մոտ 4 տոկոս:
Ինքնասպանության փորձերի կառուցվածքը հետեւյալն է. դեղեր եւ սուր ծակող գործիքներ` 31-ական տոկոս: 7 տոկոս` կախվելը, բարձրությունից ընկնելը` 26 տոկոս:






