Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող սքրինինգային ծրագրի շրջանակում Հայաստանի մոտ 642 000 քաղաքացի արգանդի վզիկի քաղցկեղի, հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի հայտնաբերման հետազոտություն է անցել: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը: 

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում 72 000 պապ-թեստ են կատարել (մարդու պապիլլոմայի վիրուսի հայտնաբերման թեստեր) եւ արդյունքում հիվանդների 6.3 տոկոսի մոտ արգանդի վզիկի քաղցկեղի այս կամ այն պաթոլոգիան են հայտնաբերել, իսկ քաղցկեղ հայտնաբերել են   0.6 տոկոսի մոտ:

Ռուզաննա Յուզբաշյանը հիշեցրել է, որ ժամանակին հայտնաբերման դեպքում արգանդի վզիկի քաղցկեղը սովորաբար մահացու չէ, ավելին, լինում են դեպքեր, երբ բուժված կանայք կարող են հղիանալ եւ երեխա ծննդաբերել: Բոլոր կանայք, որոնց մոտ սքրինինգային ծրագրի շրջանակում պոտենցիալ քաղցկեղածին պաթոլոգիաներ են ժամանակին հայտնաբերվել, կկարողանան բուժում ստանալ եւ խուսափել հետագա բարդություններից: 

Դարձյալ ծրագրի շրջանակում 237 840 մարդու մոտ ստուգվել է շաքարային դիաբետի առկայությունը եւ նրանց 7.5 տոկոսի մոտ այդ հիվանդությունը հայտնաբերվել է: Հետաքրքիր է, որ այդ մարդկանց մեծամասնությունը չէր կասկածում, որ իրենք կարող են դիաբետ ունենալ: 

Ինչ վերաբերում է հիպերտոնիային, ծրագրի շրջանակում չափվել է 332 562 մարդու ճնշումը եւ նրանց 9 տոկոսի մոտ հիպերտոնիա է հայտնաբերվել: 

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» ծրագրի շրջանակում 2015-ի հունվարից Հայաստանի 35-ից 68 տարեկան քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել իրենց պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում` հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի, իսկ  30-ից 60 տարեկան կանայք` արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով: