Microsoft-ի հետազոտական կենտրոնի աշխատակիցները ինտերնետում օգտատերերի որոնողական հարցումների ուսումնասիրման միջոցով քաղցկեղ որոշելու միջոց են մշակել: Ընդ որում, նրանք սովորել են իսկական ախտանիշներով մարդկանց տարբերել իրենց հիվանդություններ վերագրող մելամաղձոտներից, հայտնում է The New York Time-ը:
Էրիկ Հորվիցը (Eric Horvitz), Ռայն Ուայթը (Ryen White) եւ Ջոն Պապարրիզոն (John Paparrizos) գտել են մարդկանց, որոնք ինտերնետում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին տեղեկություններ են փնտրել: Հետագայում նրանք ուսումնասիրել են Bing ծառայությունում այդ մարդկանց հարցումների պատմությունը:
Հայտնի է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների ապրելիությունը շատ փոքր է` հինգ տարի, ինչը կապված է նրա հետ, որ հիվանդությունը հազվադեպ են ի հայտ բերում վաղ փուլում: Վաղ ախտորոշման եւ ժամանակին բուժման դեպքում բարենպաստ կանխատեսման շանսերը զգալիորեն ավելանում են:
Հետազոտողները օրինաչափություն են գտել, ըստ որի, փորձարկվողների մեծ մասը ինտերնետում տեղեկություններ է փնտրել քաղցկեղի առաջնային ախտանիշների մասին, չկասկածելով հիվանդության մասին: Եթե նրանք ավելի ուշադիր լինեին առողջության վատացմանը, կարելի կլիներ այն հայտնաբերել դեռեւս սկզբնական փուլերում:
Աշխատանքի հեղինակները նախատեսել են ծրագիր մշակել, որը կկարողանա նման օգտատերերին զգուշացնել հնարավոր վտանգի մասին:
Հետազոտողները նաեւ սովորել են տարբերել մելամաղձոտներին, որոնք իրենց հիվանդության ախտանիշներ են վերագրում: Նրանք այդ մարդկանց առանձնացնում են նրանցից, ովքեր ոչ առանց հիմքի անհանգստանում են իրենց առողջության համար:
Ախտորոշման այս միջոցը չի հավակնում բարձր ճշգրտության: Սակայն այդ ծրագիրը կարող է ինչ-որ մեկին օգնել կռահելու քաղցկեղային ուռուցքի աճը եւ խորհուրդ տա բժշկի դիմել:
Հնարավոր է, որ մոտ ապագայում նման տեխնոլոգիան կկարողանա կռահել ոչ միայն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, այլեւ այլ հիվանդություններ:






