Դեպրեսիայից բուժվելուց հետո 100 մարդուց ընդամենը 39-ը կարող է հոգեպես առողջ եւ բուժված համարվել, պնդում են Տորոնտոյի, Այովայի եւ Նյու Յորքի գիտնականները:
Նրանք վերլուծել են 2012-ին Կանադայում անցկացված գլոբալ հետազոտության տվյալները: 20 955 մարդ պատասխանել է կենսաոճին եւ առողջական վիճակին նվիրված հարցերի, նրանց մոտավորապես 12 տոկոսը հայտնել է, որ իրենց մոտ դեպրեսիվ վիճակ է ախտորոշվել: Գիտական խումբը նախատեսել էր որոշել, թե հարցվածներից քանի հոգու է հնարավոր հոգեպես լիովին առողջ համարել եւ ինչ գործոններ են ազդում մարդկանց հոգեկան առողջության վրա:
Մարդը հոգեպես առողջ է համարվում, եթե.
1) ինքնասպանական տրամադրություններ եւ հոգեկան խանգարումներ չի ունեցել, չի չարաշահել ալկոհոլը կամ թմրանյութը վերջին տարիների ընթացքում,
2) ամեն օր կամ գոնե վերջին ամսվա ընթացքում երջանիկ է եղել կամ գոնե կյանքից գոհ,
3) իրեն լավ է զգացել հոգեբանական եւ սոցիալական առումներով
Հետազոտողները հաշվարկել են նման մարդկանց քանակը դեպրեսիա ապրածների շրջանում, ինչպես նաեւ նրանց, ովքեր այդ հիվանդությամբ չեն տառապել: Պարզվել է, որ այն մարդկանց շրջանում, ում մոտ երբեք դեպրեսիա չի ախտորոշվել, լիովին առողջ հոգեկանով կարող է պարծենալ ընդամենը 78 տոկոսը: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր տառապել են այդ հիվանդությամբ, առողջները նրանց շրջանում 2 անգամ պակաս էին. ամեն 100 հարցվածից միայն 39-ն է հոգեպես առողջ եղել:
Բացի այդ, գիտնականներն ուշադրություն են դարձրել նրան, թե ինչ գործոններ են բարդացնում իրավիճակը եւ որոնք, ընդհակառակը, մարդկանց օգնում են ազատվել դրանից: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայից ամբողջությամբ ազատվելու ամենից մեծ շանսերն ունեն սպիտակ կանայք, որոնք ամուսնացած են եւ գոնե մեկ մտերիմ ընկեր ունեն: Դրական ազդեցություն են գործել նաեւ ֆիզիկական ակտիվությունը եւ կրոնը: Հետաքրքիր է նաեւ, որ ավագ տարիքի մարդիկ ավելի հաճախակի են բուժվել, քան երիտասարդները:
Մանկական տարիքում աղքատությունը, դժբախտությունը, անքնությունը եւ տարբեր կախվածությունները բացասաբար են ազդել առողջացման հավանականության վրա:






