Ֆիզիկական պարզագույն վարժություններն օգնում են կանխարգելել տարեց մարդկանց մոտ մտածողական գործառույթների դեգեներացիան: Դա իր հերթին հանգեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկի նվազման, ինչպիսին են ձեռքբերովի թուլամտությունը եւ Ալցհայմերի հիվանդությունը: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայից հետազոտողները պրոֆեսոր Քեն Նոսակայի գլխավորությամբ, Էդիուտ Կոուենի համալսարան: 

Գիտնականները պարզել են, որ կենտրոնախույս վարժությունները, երբ մկանները ձգվում են, ավելի օգտակար են, քան կենտրոնամետները (երբ մկանները կրճատվում են):

Հետազոտություններից մեկում 60-ից 76 տարեկան 26 տարեց տղամարդ մարզվել են մի ծրագրով, որը համադրում է վարժությունների երկու տեսակը: Մշտապես հետեւել են, թե մասնակիցներն իրենց ինչպես են զգում կոնկրետ մարզումներից հետո: 12 շաբաթ անց, աշխատանքի արդյունքներով գիտնականները պարզել են, որ կենտրոնախույս վարժություններն ավելի արդյունավետ են   «գործել». ճնշումը, զարկերակը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ այլ ցուցանիշներ դրանից հետո ավելի լավն են եղել, քան կենտրոնամետներից հետո:  

Մեկ այլ հետազոտության մեջ գեր տարեց մարդիկ շաբաթը երկու անգամ զբոսնել են աստիճաններով, որպես մարզում, եւ այս աշխատանքի հեղինակները եզրակացրել են, որ իջնելն ավելի օգտակար է, քան բարձրանալը: Rod Evans Community Centre ծերանոցի բնակիչների համար   «Stay Sharp» անունով հատուկ ծրագիր են մշակել. մարզումների ընթացքում թոշակառուներն իջնում են աստիճաններով եւ լանջերով, դանդաղ նստում են, պառկում, մարզագնդեր են բարձրացնում: Այդ հետազոտության արդյունքներն առայժմ անհայտ են, որովհետեւ  12 շաբաթը, որի համար այն նախատեսված է, դեռեւս չի լրացել, բայց պրոֆեսոր Նոսական ենթադրում է, որ դա եւս կհաստատի իր եզրահանգումները: 

Քեն Նոսական ասում է, որ կենտրոնախույս վարժություններն ավելի հեշտ են, բայց մշտական կրկնության դեպքում լուրջ հաջողության են հանգեցնում: Մկաններն ավելի ուժեղ են դառնում, բացի այդ, նման մարզումներն ավելի մեծ կենտրոնացում են պահանջում, նշանակում ` ուղեղը եւս անընդհատ մարզվում է:  Կարգավորվում է ճնշումը, արյան մեջ լիպիդների մակարդակը, ինսուլինի նկատմամբ զգայունությունը, արյունը պակաս թանձր է դառնում: Այդ ամենը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների հավանականությունը, որոնք կապված են ուղեղի գործառույթների դեգեներացիայի, դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների հետ: