Ամերիկացի ուռուցքաբանները, կենսաբանները եւ անասնաբույժները միավորվում են` օստեոսարկոմաների բուժման արդյունավետ միջոցներ մշակելու համար:

Բժիշկ Շերիլ Լանդոնը բացատրել է, որ մարդկանց մոտ օստեոսարկոմաներ բավականին հազվադեպ են հանդիպում, սակայն շների մոտ ոսկրի քաղցկեղի այս տեսակը բավականին տարածված է եւ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես մարդու մոտ: Հենց այդ պատճառով շները կարող են հարմար մոդել լինել քաղցկեղի հետազոտման եւ բուժման նոր միջոցների մշակման համար:

Այսօր հիվանդությունների եւ դրանց բուժման միջոցների հետազոտման համար մկների են օգտագործում, սակայն խնդիրն այն է, որ մկների վրա հաջողությամբ անցկացված հետազոտությունների մեծամասնությունն անհաջող է ավարտվում կլինիկայում դրանք կրկնելու փորձի դեպքում: Դա կապված է այն բանի հետ, որ կրծողների օրգանիզմն էականորեն տարբերվում է մարդկայինից:

Օստեոսարկոմայի դեմ պայքարի դեղամիջոցը, որը ներկայումս օգտագործվում է կլինիկայում, ստեղծվել է ավելի քան 30 տարի առաջ եւ այդ ժամանակվանից ի վեր նոր գործոն դեղամիջոցներ չեն հայտնվել: Չնայած այդ հիվանդության բուժման արդյունավետ միջոց շարունակում է մնալ վիրաբուժականը, այդ մեթոդը ոչ բոլորին է համապատասխանում. հենց նման հիվանդների համար նոր դեղամիջոցներ են պետք:

Միավորված հետազոտական խմբի անդամները հույս ունեն, որ նոր դեղամիջոցները, որոնք արդյունավետություն են դրսեւորել շների օստեոսարկոմաների բուժման պարագայում, կօգնեն մարդկանց մոտ եւս հաղթահարել այս հիվանդությունը: Նախագծի շրջանակում գիտնականները նաեւ կջանան պարզել, թե գենետիկական ճշգրիտ ինչ խանգարումներ են հանգեցնում քաղցկեղի այս տեսակի զարգացմանը, կփորձեն կենդանիների վրա փորձարկել վիրաբուժական բուժման նոր մոտեցումները: