Ֆասթ ֆուդով սնվելը մոտավորապես նույն բանն է, ինչ թանկարժեք մարզական մեքենան դիզելային վառելիքով լիցքավորելը, կարծում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Նրա խոսքով, մեքենան մի որոշ ժամանակ իհարկե կգնա նաեւ այդպիսի վառելիքով, սակայն շատ արագ շարքից դուրս կգա եւ կփչանա: Նույնը կարելի է ասել նաեւ մեր օրգանիզմի մասին. եթե նրան վատ «վառելիք» տանք` վնասակար սնունդ, այն բավականին արագ շարքից դուրս կգա:
Ցավոք, ցանկացած ֆասթ ֆուդը մեր օրգանիզմի համար վատ «վառելիք» է համարվում, նույնիսկ հայերի մեծամասնության սիրած շաուրման եւ քյաբաբը: Վերջիններս իհարկե այնքան վնասակար չեն եւ այդքան շատ քիմիա չեն պարունակում, որքան արեւմուտքում համբուրգերները, այնուամենայնիվ դժվար է դրանք օրգանիզմի համար օգտակար նյութեր կոչել:
Ֆասթ ֆուդի հիմնական խնդիրներից մեկը, մասնագետների խոսքով, այն է, որ հսկայական քանակությամբ ճարպեր է պարունակում, աղ եւ շաքար, միաժամանակ օրգանիզմին գործնականում ոչ մի կարեւոր նյութ չի տալիս, ինչպես օրինակ վիտամիններ եւ հանքանյութեր, որոնք ուղղակի անհրաժեշտ են մեր օրգանների նորմալ գործունեության համար:
Բացի այդ, ֆասթ ֆուդը ոչ միայն հսկայական քանակությամբ կալորիաներ է պարունակում (սովորական Բիգ Մակում, օրինակ, ավելի քան 540 կալորիա կա), այլեւ ընտելացում է առաջացնում. ֆասթ ֆուդով սնվող մարդիկ գնալով ավելի ու ավելի շատ են ուտում, ինչը ԱՀԿ-ի մասնագետների կարծիքով, հանգեցնում է քաշի ավելացման եւ ճարպակալման զարգացման:
Ֆասթ ֆուդի կազմի մեջ հաճախ այնպիսի վերամշակված նյութեր են մտնում, ինչպիսին է երշիկը, նրբերշիկը եւ խոզապուխտը, որոնք ինքնին վտանգավոր են. ԱՀԿ-ն վերջերս այդ մթերքները մտցրել է քաղցկեղածինների ցուցակի մեջ` այն մթերքների, որոնց օգտագործումը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը:
Հիշեցնենք, որ վերջերս University of Maryland School of Medicine-ի գիտնականները պարզել են, որ անառողջ սննդակարգը, որը մեծ քանակությամբ հագեցած ճարպեր է պարունակում եւ քիչ` մոնո եւ պոլիչհագեցած ճարպեր, հանգեցնում է կանանց մոտ կրծքի խտության բարձրացման, ինչն իր հերթին կապված է կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:
Եթե Ձեզ հետաքրքիր է, թե մեր օրգանիզմի հետ ինչ է տեղի ունենում Բիգ Մակ ուտելուց մեկ ժամ անց, դիտեք ինֆոգրաֆիկը, որը կազմել է Fast Food Menu Price-ը (ըստ հղումի):






