Ալյուրի հարստացման հարցն արժե ուսումնասիրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Օքսֆամ միջազգային կազմակերպության սննդային անվտանգության ծրագրի տարածաշրջանային մենեջեր Բենուա Տրուդելը:
Նրա խոսքով, այսօր շատ զարգացած երկրներում հարստացնում են ալյուրը, որպեսզի մարդիկ կարողանան ամեն օր օգտագործվող սննդամթերքից ստանալ իրենց անհրաժեշտ սննդանյութերը: Դա, Բենուա Տրուդելի կարծիքով, այժմեական է, օրինակ, ձմռանը, եթե մարդկանց հասանելի չեն վիտամիններով հարուստ մթերքները. Այդ դեպքում նրանք ցանկանում են այդ նյութերի գոնե մի մասը ստանալ հարստացված հացից եւ այլ մթերքներից:
Բենուա Տրուդելը նշել է, որ իդեալականն այն է, որ մարդուն հասանելի լինեն բազմազան եւ օգտակար սննդամթերքները, որոնք պետք է ֆինանսապես եւ տարածքային առումով մատչելի լինեն, անկախ այն բանից, թե մարդու բնակավայրը որքան հեռու է խոշոր քաղաքներից: Սննդի անվտանգության ապահովման ոլորտում աշխատող մասնագետները բնակչությանը բազմազան, որակյալ եւ ավելի էժան մթերքներով ապահովելու ուղիներ են փնտրում: Բայց այսօր բոլորովին էլ ոչ բոլոր մարդկանց է հասանելի իրենց անհրաժեշտ սնունդը, այդ պատճառով մի քանի լայնորեն օգտագործվող սննդամթերքների հարստացումը, ինչպիսին է, օրինակ, ալյուրը, կարող է արդյունավետ լուծում լինել, կարծում է մասնագետը:
Հիշեցնենք, որ ալյուրի հարստացման ծրագիրը ենթադրում է ալյուրի 80 տոկոսն հարստացնել ֆոլաթթվով եւ երկաթով` լրացնելու մեր սննդում այդ տարրերի պակասը: Նշվում է, որ մանկածնական տարիքի կանանց մոտ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է նրան, որ այդ կանայք կարող են նյարդային խողովակի արատով երեխաներ ունենալ, իսկ երկաթի պակասը անեմիայի է հանգեցնում, հիմնականում` կանանց եւ երեխաների շրջանում: Բերվում են վերջին տարիների հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն, Հայաստանի բնակչության 37 տոկոսի մոտ անեմիա է դիտարկվում:
Տվյալ ծրագրի ընդդիմախոսները պնդում են, որ ֆոլաթթվի պակասի հարցը կարելի է լրացնել ոչ թե ալյուրի մեջ պրեմիքսներ լցնելով, այլ 2-րդ եւ 3-րդ տեսակի ալյուրների վերածննդով, իսկ երկաթի պակասի խնդիրը կարելի է լուծել սննդակարգի միս ավելացնելով:
Ընդդիմախոսները վկայակոչում են նաեւ կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը, որի համաձայն, մեծ քանակությամբ ֆոլաթթուն կարող է քաղցկեղային բջիջների աճի պատճառ դառնալ: Միաժամանակ տվյալ ծրագրի դեմ հանդես եկող բժիշկները նշում են, որ ֆոլաթթուն հղիներին անհրաժեշտության դեպքում նշանակվում է եւ կարիք չկա այն ավելացնել բոլորի համար, ինչ վերաբերում է երկաթին, նրանք զգուշացնում են, որ դրա պակասը բուժվում է անհամեմատ ավելի հեշտորեն, քան ավելցուկը:






