Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները փորձարարական էլեկտրաշոկային թերապիա են մշակել, այսպես կոչված ցածր ինտենսիվության հարվածային ալիքներով բուժում, որը կարող է բարելավել սեռական օրգանին արյան մատակարարումը եւ օգնել բուժելու էրեկտիլ դիսֆունկցիան: 

Մինչեւ վերջերս էրեկցիայի հետ կապված խնդիրներով տառապող տղամարդիկ հատուկ դեղամիջոցներ էին օգտագործում, որոնք բարելավում էին սեռական անդամին արյան մատակարարումը: Ի տարբերություն այդ դեղամիջոցների, նոր էլեկտրաշոկային թերապիան դեռեւս հավանության չի արժանացել ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Ավելին, նման թերապիայի երկարատեւ ռիսկերը եւ առավելություններն առայժմ անհայտ են եւ գիտնականներին նոր հետազոտություններ են անհրաժեշտ յուրաքանչյուր հիվանդի համար էլեկտրաալիքների չափաբաժինը որոշելու համար: Բացի այդ, գիտնականները մինչեւ հիմա չգիտեն, թե ինչ եղանակով են էլեկտրական ալիքներն ազդում արյան մատակարարման եւ էրեկցիայի վրա: Սակայն թերապիայի հեղինակները պնդում են, որ այն կարող է այլընտրանք առաջարկել տղամարդկանց, որոնք չեն կարող վերոհիշյալ դեղամիջոցներն ընդունել կամ էլ դրանից անհրաժեշտ արդյունք չեն ստանում: 

Մի քանի կլինիկական հետազոտության մետաանալիզը ցույց է տվել, որ էլեկտրաշոկային թերապիա անցած տղամարդկանց մեծամասնության մոտ էրեկտիլ գործառույթը կրկնակի բարելավվել է: Նման թերապիան հատկապես արդյունավետ է եղել այն տղամարդկանց համար, որոնց մոտ պահպանվել է թույլ կամ չափավոր էրեկցիան: 

Սակայն արժե նշել, որ հետազոտությանը մասնակցած տղամարդիկ արյան շրջանառության հենց այդպիսի խանգարումից են տառապել, ոչ թե այլ նյարդաբանական կամ հոգեբանական խնդիրներից, որոնք եւս կարող են ազդել պոտենցիայի վրա: Այսպիսով` նման թերապիան կարող է օգնել հիվանդներին, որոնց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան առաջանում է անոթային խնդիրներից: