Մակարոնները բոլորովին էլ ամենաօգտակար եւ դիետիկ մթերքը չեն համարվում, այդ պատճառով նիհարողներին սովորաբար խորհուրդ են տալիս դրանից հեռու մնալ: Սակայն Իտալիայից գիտնականները պարզել են, որ մակարոններն իրականում այնքան վատ բան չեն, որքան շատերին թվում է:
Միջերկրածովյան նյարդաբանական ինստիտուտի (Istituto Neurologico Mediterraneo Neuromed I.R.C.C.S.) մասնագետների անցկացրած հետազոտությունը հաստատել է որոշ դիետոլոգների կարծիքը, որոնք համարում են, որ ճարպակալման են հանգեցնում ոչ թե մակարոնները, այլ սուր, քաղցր եւ աղի սոուսները, որոնք մարդիկ սիրում են լցնել դրանց վրա:
Գիտնականները Լիչիա Յակովելլոյի գլխավորությամբ վերլուծել են ավելի քան 23 000 մարդու անտրոպոմետրիկ տվյալները` միաժամանակ ուսումնասիրելով նրանց սննդային հակումները: Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ մակարոնի օգտագործումը ոչ միայն չի հանգեցնում ճարպակալման զարգացման ռիսկի ավելացման, այլեւ ընդհակառակը. մարդիկ, որոնց սննդում մակարոնները մշտապես առկա են եղել, միջինը մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքս են ունեցել:
Նման հետազոտություն անցկացվել է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ միջին տարիքի 1794 մարդու մասին տեղեկությունների ուսումնասիրման հիման վրա գիտնականները հակառակ կախվածություն են հայտնաբերել սննդում մակարոնի առկայության եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքսի միջեւ:
Իտալացի գիտնականները գիտական աշխատանքի արդյունքում գիրությունը կապել են տարիքի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի հետ: Ավելի ավագ տարիքի եւ ավելի ցածր կարգավիճակով մարդիկ չափից շատ մակարոն են կերել եւ ավելի գեր են եղել, քան հետազոտության այլ մասնակիցներ, բայց Յակովելլոյի խումբն ընդգծում է, որ այդ երկու փաստն իրար հետ կապված չեն եւ մակարոններն ընդհանուր առմամբ չեն հանգեցնում գիրության, եթե դրանք չօգտագործվեն չափազանց մեծ քանակությամբ: Բացի այդ, գիտական խմբի ղեկավարը հայտնել է, որ մակարոնը լիովին կարելի է հավելել միջերկրածովյան ժողովրդականություն վայելող սննդակարգին:






