4 կնոջից 3-ը երեխա է ունենում անպտղության դեմ բուժումը սկսելուց հետո հինգ տարվա ընթացքում: Նման եզրակացության են հանգել Copenhagen University Hospital-ի գիտնականները, որոնք 2007-2010 թվականներին վերլուծել են մոտ 20 000 կնոջ մասին տվյալներ:

Այդ տվյալները վերցվել էին Դանիայի տվյալների բազայից, որտեղ գրանցվում են վերարտադրողական տեխնոլոգիաների հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաեւ երեխաների ծնունդը, այդ պատճառով հետազոտության արդյունքները բավականին ճշգրիտ են, որպեսզի հնարավոր լինի կանխատեսումների համար օգտվել դրանցից:

Գիտական խումբը տեղեկություններ է հավաքել 19 884 կնոջ վերաբերյալ, որոնք անպտղության դեմ բուժման տարբեր տեսակներ են ստացել, այդ թվում` ներարգանդային ինսեմինացիա եւ ԱՄԲ: Գիտնականները նայել են այս կանանց կողմից ողջ երեխաներ ծննդաբերելու մասին գրանցումները  բուժումը սկսելուց հետո 2, 3 եւ 5 տարի անց:  

Կանանց 57 տոկոսը բուժման ընթացքում մայրիկ է դարձել, իսկ հետազոտման մասնակիցների 14 տոկոսի մոտ հղիությունը սկսվել է թերապիայից դուրս, բնական բեղմնավորման միջոցով: Ծննդաբերությունների մեծամասնությունը` (57 տոկոս) գրանցվել է բուժումը սկսելուց հետո 2 տարվա ընթացքում, այդ խմբին պատկանող մայրերի գրեթե կեսը (46 տոկոս) ԱՄԲ է անցել որպես առաջին պրոցեդուրա: Կանանց ընդհանուր թվի  34 տոկոսը հաջողությամբ հղիացել է ներարգանդային ինսեմինացիայից հետո: 

Միաժամանակ հետազոտության հեղինակները հաջողության հիմնական բաղադրիչ են համարել տարիքը. բուժումը սկսելուց հետո 5  տարվա ընթացքում երեխա էր ունեցել այն կանանց 80 տոկոսը, որոնց 35 տարին դեռ չէր լրացել, 60,5 տոկոսը նրանց, ովքեր 35-ից 40 տարեկան էին եւ միայն 26 տոկոսը նրանց, ովքեր 40 տարեկան եւ ավելի էին:

Բժիշկ Սառա Մալչոն նշել է, որ զույգերը, որոնք բեղմնավորման եւ երեխա ծննդաբերելու հետ կապված խնդիրներ են ունենում, սովորաբար երկու հարց են տալիս. իրենք երեխա ծննդաբերելու ինչ շանսեր ունեն եւ դա երբ կլինի: Օգտագործելով այդ հետազոտության տվյալները` բժիշկները կարող են անհրաժեշտ պատասխաններ տալ` հիմնվելով զույգի տարիքի եւ ինքնուրույն բեղմնավորման շանսերի վրա: Սառա Մալչոն  նաեւ հավելել է, որ գոյություն ունի ինքնաբուխ բեղմնավորման զգալի հավանականություն, որը կարող է տեղի ունենալ անկախ նրանից, թե ծնողները քանի տարեկան են եւ ինչ ախտորոշումներ ունեն: