Դեղագործական Sage Therapeutics ընկերության ստեղծած նոր դեղամիջոցը փոքրիկ հետազոտության ընթացքում օգնել է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները: Դեղամիջոցի օգտագործումից հետո ազդեցությունը մեկ ամիս է տեւել:
Հետազոտության ընթացքում տասը կնոջ փորձարարական դեղամիջոցի ներարկումներ են արել եւ 11 պլացեբո են ներարկել: Փորձարարական խմբի մեջ մտնող կանանց 70 տոկոսը հաղորդել է ներարկումից արդեն 60 ժամ անց դեպրեսիայի ախտանիշների էական նվազման մասին, ընդ որում ազդեցությունը պահպանվել է 30 օր: Իսկ վերահսկիչ խմբում բարելավումներ են գրանցվել պլացեբո ստացած ընդամենը մեկ մասնակցի մոտ:
Կանանց մեծամասնությունը, որոնց փորձարարական դեղամիջոց էին ներարկել, բարելավումներ են զգացել դեղամիջոցի ներմուծումից արդեն մեկ օր անց: Հակադեպրեսանտները, որոնք սովորաբար նշանակում են ծանր հետծննդաբերական դեպրեսիայից հետո, սկսում են ազդել ոչ թե միանգամից, այլ ընդունումից շաբաթներ անց: Բացի այդ, հակադեպրեսանտները սովորաբար մի ամբողջ շարք երկրորդական հետեւանքներ ունեն:
Տվյալ դեպքում փորձարարական դեղամիջոց ստացած ոչ մի կին չի հաղորդել հոգեբանական կողմնակի հետեւանքների մասին, օրինակ` անքնության, տարօրինակ երազների կամ տագնապի: Հետաքրքիր է, որ վերահսկիչ խմբում նման ախտանիշներ է ունեցել 11 մասնակցից 5-ը:
Առայժմ SAGE-547 կոչվող դեղը կարող է օգտակար լինել նաեւ էպիլեպսիայի հազվագյուտ տեսակների բուժման դեպքում, նշում են մշակողները:
Տեղեկությունները, թե այդ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները հաջող են անցել, դրականորեն են ազդել Sage Therapeutics ընկերության բաժնետոմսերի վրա. մեկ շաբաթում դրանց գինը գրեթե կրկնապատկվել է:
Մոտ ժամանակներս մշակողները նախատեսել են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել եւ պարզել դեղի օպտիմալ չափաբաժինը: Բացի այդ, նրանք նախատեսել են դեղամիջոց ստեղծել հաբերի տեսքով, ինչը դեղն օգտագործման համար ավելի հարմարավետ եւ հիվանդների համար ավելի գրավիչ կդարձնի:
Նշենք, որ հետծննդաբերական դեպրեսիան ծննդաբերությունից անմիջապես հետո հանդիպում է յոթ կնոջից մեկի մոտ: Նրանց մոտ կարող են տագնապի նոպաներ առաջանալ, անլիարժեքության զգացում եւ այլ տագնապալի ախտանիշներ: Շատ հիվանդներ նման վիճակում սկսում են մտածել իրենց կամ երեխային վնաս տալու մասին:






