Ձվարանների քաղցկեղի զարգացման ավելի մատչել գենետիկ ստուգումը կարող է հազարավոր կանանց կյանքեր փրկել, պնդում են Institute of Cancer Research-ի հետազոտողները: Ռիսկը հնարավոր է ի հայտ բերել թեստի միջոցով, որն ուղղված է BRCA ընտանիքի գեների մուտացիաներն ի հայտ բերելուն, որոնք հիվանդների մոտավորապես 15 տոկոսի մոտ կապված են քաղցկեղի այս տեսակի զարգացման հետ:
«Մեղավոր մուտացիայի» հայտնաբերումը կօգնի ժամանակին անհրաժեշտ բուժում նշանակել, որն ուղղված է ուռուցքի հենց այդ ենթատեսակի դեմ պայքարին: Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք արդյունավետորեն հաղթահարում են ձվարանների միայն BRCA-ից կախում ունեցող ուռուցքները եւ հենց դրանք խորհուրդ կտրվեն հիվանդներին, որոնք գենետիկ ստուգում են անցել:
Պրոֆեսոր Նազնիին Ռահմանը պարզաբանել է, որ գենետիկական ստուգման գործընթացի օպտիմալացումը թույլ է տալիս ավելի արագ արդյունքներ ստանալ, քան այն մոտեցումները, որոնք ներկայումս օգտագործվում են: Բացի այդ, նման ստուգումն անհամեմատ ավելի էժան է լինում:
Այժմ կանայք, որոնց մոտ ձվարանների քաղցկեղ է ախտորոշվում, պետք է գենետիկի խորհրդատվություն անցնեն, ինչի համար հաճախ ստիպված են լինում շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ սպասել: Ոչ բոլոր հիվանդներն են պատրաստ դրան:
Սակայն եթե անհրաժեշտ խորհրդատվությունն իրականացնի ինքը` ուռուցքաբանը եւ ինքն էլ հիվանդներին ուղարկի գենետիկական ստուգման, պատասխաններն անհամեմատ ավելի շուտ կստացվեն, ինչը թույլ կտա ժամանակին սկսել բուժումը:
Գիտնականները նաեւ ընդգծել են, որ BRCA-մուտացիաները հիվանդի եւ նրա մերձավոր ազգականների համար գենետիկական ստուգում անցնելու պատճառ կարող են դառնալ: Այդպիսով հնարավոր կլինի պարզել, թե արդյոք նրանք ռիսկի խմբի մեջ են մտնում:






