ՄակՀիլլի համալսարանի հոգեբանության ֆակուլտետից նյարդաբան Ջեֆֆրի Մոգիլը (McGill University, Կանադա), հոդված է հրապարակել, որում հետազոտողներին կոչ է արել սկսել փորձարկումներ կատարել ոչ միայն արուների վրա, այլեւ` էգերի: 

Նյարդաբանի խոսքով, միայն կամ առավելապես արուների մասնակցությամբ փորձարկումներն արդյունքում սխալների են հանգեցնում, հատկապես այն դեպքերում, երբ փորձարկվում են նոր դեղամիջոցներ կամ բուժման միջոցներ: Դեղամիջոցները, որոնք թույլատրվել են մարդկանց վրա կիրառվելու համար, նրա խոսքով, իրականում պատշաճ կերպով չեն փորձարկվել իգական սեռի առանձնյակների վրա: 

Ջեֆֆրի Մոգիլը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ցավն այնպես չեն զգում, ինչպես տղամարդիկ. նրանք ավելի զգայուն են ցավի հանդեպ եւ ավելի վատ են տանում դա: Նա նաեւ նշել է, որ ցավից բողոքներով բժշկին դիմող հիվանդների մեծամասնությունը  կանայք են:  

Միաժամանակ գիտնականը նշել է, որ այսօր հայտնի ցավազրկման մեթոդների մեծամասնությունը հիմնականում փորձարկվել է արու մկների վրա:  Pain թերթում վերջին տարվա ընթացքում 71 հետազոտություն է հրապարակվել, նշել է նյարդաբանը, 56  գիտական աշխատանք փորձարկումների համար օգտագործել է արական սեռի մկների,  6-ը` իգական, 3-ը` արուների եւ էգերի, իսկ 6 դեպքում կենդանիների սեռը չի հիշատակվել: Ջեֆֆրի Մոգիլը կարծում է, որ շատ կարեւոր է նման փորձարկումների անցկացման ընթացքում երկու սեռի կենդանիներ  օգտագործել, որովհետեւ այդ փորձարկումների արդյունքները կարեւոր են ոչ միայն տղամարդկանց համար: 

Գիտնականի խոսքով, հետազոտողները շարունակում են առավելապես էգերի վրա փորձարկումներ կատարել երեք հիմնական պատճառով: Նախ` գիտական աշխատողները մտավախություն ունեն, որ երկու սեռի մկների օգտագործումը վերջնական տվյալներում մեծ տարբերությունների պատճառ կդառնա էգերի մոտ իգական հորմոնների մակարդակի փոփոխության պատճառով, ինչը կմեծացնի փորձարկումների թիվը եւ արժեքը:  Սակայն, Ջեֆֆրի Մոգիլի կարծիքով, դա այդպես չէ. հետազոտությունները ցույց են տալիս, որ էգերի շրջանում ցավազրկողների փորձարկումների ցուցանիշներն ավելի չեն տատանվում, քան արուների մոտ:  Երկրորդ պատճառն այն է, որ գիտնականները մտավախություն ունեն, որ ստիպված կլինեն կրկնապատկել փորձարկումներին մասնակցող մկների քանակը:  Ջեֆֆրի Մոգիլը մատնանշել է, որ իրականում հնարավոր է օգտագործել կենդանիների նույն քանակություն, բայց նրանց մի մասին փոխարինել էգերով:  Երրորդ պատճառը հետազոտողների վախն է այն բանից, որ գիտական աշխատանքը ստիպված կլինեն վերափոխել, մի քանի անգամ կրկնելով թեստեր անցկացնել` կախված իգական սեռի մկների էստրալ շրջափուլի ընթացքից:  Այդ մտավախությունները կարող են հիմնավորված լինել, նշել է գիտնականը, բայց արուների մոտ տեստոստերոնի տատանումները եւս կարող են վերջնական արդյունքներում փոփոխություններ առաջացնել: 

Ջեֆֆրի Մոգիլն ամփոփել է, որ եթե հետազոտողները շարունակեն հետազոտություններ անցկացնել նոր, արդյունավետ ցավազրկողների ի հայտ բերման համար` միայն արուների օգտագործելով, նրանց ձախողում է սպասում: