Դիետոլոգիայի եւ բժշկության տեսանկյունից պահք պահելը մի շարք դրական եւ բացասական կողմեր ունի: Այս մասին այսօր, մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատմեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Դիետոլոգը նշեց, որ Մեծ պահքի 3 մոտեցում կա՝
1. Ամենատարածված մոտեցումը կենդանական ծագման ցանկացած սննդամթերքից հրաժարվելն է՝ բացի մեղրից: «Այսինքն՝ պահք պահողը հրաժարվում է կաթնամթերքից, մսից, ձկից, ծովամթերքներից, ձվից ու յուղից եւ միայն բուսական ծագման սնունդ է օգտագործում»,- ասաց Վարդանուշ Պետրոսյանը:
2. Երկրորդ մոտեցումն ընդհանրապես որեւէ տեսակի սննդամթերքից հրաժարվելն է՝ բացի հացից ու ջրից:
3. Երրորդ մոտեցումը ծոմ է ենթադրում՝ հրաժարում ցանկացած տեսակի սննդից ու ջրից:
Հայաստանում առավել տարածված է առաջին մոտեցումը. հայերը Մեծ պահք են պահում՝ հրաժարվելով կենդանական ծագման սննդից ու ալկոհոլից: Այսպիսի պահքին հետեւելու ի՞նչ դրական եւ բացասական կողմեր կարող է թվել դիետոլոգը.
«Դիետոլոգիայի տեսանկյունից 48 օր տեւողությամբ բուսակերությունն ունի մի շարք դրական եւ բացասական կողմեր»,- ասաց Վարդանուշ Պետրոսյանը:
Մեծ պահքի դրական կողմերը՝
Առաջին հերթին՝ Մեծ պահքին հետեւող մարդը դադարում է կենդանական ճարպեր օգտագործել, որոնք չափազանց շատ օգտագործելու դեպքում կարող են սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ ճարպակալության պատճառ դառնալ:
«Բացի դրանից՝ բուսական ծագման սնունդն ավելի հարուստ է բջջանյութով, որի հատկությունների մասին, կարծում եմ, բոլորդ շատ լավ գիտեք»,- ասաց նա:
Մեծ պահքի բացասական կողմերը՝
Պահք պահելու գլխավոր բացասական կողմը, ըստ դիետոլոգի, այն է, որ առանց կենդանական ծագման ուտելիքի՝ սննդակարգը չի կարող ճիշտ եւ բալանսավորված լինել:
«Մարդը սպիտակուցների, В12 եւ D վիտամինների եւ հանքային աղերի, հատկապես՝ երկաթի եւ կալցիումի պակաս կունենա»,- ասաց դիետոլոգը եւ ավելացրեց, որ եթե պահք պահող մարդն այս տարրերի պակաս ունի, նրա դեպքում ցանկալի է դրանք վիտամինների տեսքով օգտագործել:
Վարդանուշ Պետրոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Մեծ պահքն առաջին հերթին եկեղեցական խորհուրդ ունի, այլ ոչ դիետիկ: «Ցանկալի է, որ մարդիկ հետեւեն այս պահքի խորհրդին ոչ միայն իրենց սննդակարգի առումով, այլ նաեւ՝ հոգեւոր: Բայց իհարկե չմոռանալով այն առողջական խնդիրների մասին, որոնք կարող են որպես հետեւանք առաջանալ»,- եզրափակեց նա:
[gallery id=16]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






