Tufts University-ի գիտնականները մշակել են վերքերը կարելու նոր նյութ, որը հագեցած է նանոսենսորներով եւ միկրոֆլյուիդներով: Այս խելացի-թելերի կիրառումը թույլ կտա հետեւել հիվանդի վիճակին եւ ժամանակին տեղեկանալ սեփսիսի զարգացման կամ այլ բարդացումների մասին:

«Խելացի» թելի մեջ ներդրված տվիչները ունակ են շատ պարամետրերի հետեւել՝ ներառյալ ճնշումը, ջերմաստիճանը, рН-ի եւ գլյուկոզայի մակարդակը: Տվյալները կփոխանցվեն հատուկ սարքին, այնուհետեւ սմարթֆոնին կամ համակարգչին: Դրանց փոփոխության հիման վրա բժիշկները կկարողանան հետեւել վերքի ապաքինման ընթացքին եւ ժամանակին նկատել բարդացումները:

Գիտնականները դեռ պետք է իրենց նորարարության երկարաժամկետ կիրառման եւ նրա կենսաբանական համատեղելիության տվյալներ ստանան, սակայն արդեն իսկ առկա տվյալները վկայում են, որ կարի այդպիսի թելի կիրառումը վիրահատությունից հետո հիվանդների վերականգնման ընթացքը  կպարզեցնի: Այդ թելերից պատրաստված վիրակապերը եւ վիրակապման այլ նյութերը նույնպես կարելի է օգտագործել հյուսվածքների կարգավորման ընթացքին հետեւելու համար:

Այս նյութի մյուս առավելությունը եռաչափ լինելն է: Ի տարբերություն երկչափ նյութերի, որոնք կիրառվում էին հարթ մակերեւույթի վրա, օրինակ՝ մաշկի, այս կառուցվածքը կարելի է օգտագործել բարդ կոտրվածքներ եւ օրթոպեդիկ իմպլանտների տեղակայման ժամանակ:  Մշակման մասին հոդվածը հրապարակվել է Microsystems & Nanoengineering ամսագրում: