Նախկինում շատ բանաձեւեր կային, որոնցով կարելի էր հաշվարկել իդեալական քաշը, եւ դրանք մեծ մասսայականություն էին վայելում։ Բայց այսօր, երբ ճարպակալումը իրական համաճարակ է դարձել, իդեալական քաշի հասկացության նկատմամբ մոտեցումը փոխվել է, ասում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։
Առաջ, ըստ նրա, իդեալական քաշի հաշվարկի ամենատարածված բանաձեւն էր Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)։ Այդ ինդեքսն օգտագործվում էր նաեւ սիրտանոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի ռիսկը գնահատելու համար։
Սակայն հետագայում գիտնականները պարզեցին, որ եթե ճարպային կուտակումները որովայնի շրջանում են լինում, ապա դա հատկապես վնասակար է առողջության համար, այդ պատճառով բավարար չէ, որ ՄԶԻ-ն նորմայի սահմաններում լինի, պետք է նաեւ, որ ճարպը չկուտակվի որովայնի հատվածում։ Այսպես, մի շարք մասնագետներ սկսեցին որպես նորմալ քաշի ցուցանիշ օգտագործել նաեւ պարանոցի շրջագիծը։ Համարվում էր, որ տղամարդկանց դեպքում այն պետք է կազմի 92սմ-ից ոչ ավել, իսկ կանանց դեպքում՝ 82սմ-ից։
Արդի բժշկությունը համարում է, որ իդեալական քաշ հասկացություն գոյություն չունի, իսկ ավելորդ քաշի, որը կարող է առողջական խնդիրների հանգեցնել, դեպքում, քաշի 10%-ով նվազումն արդեն բերում է պացիենտի կլինիկական վիճակի լավացման։
«Երրորդ կարգի ճարպակալումով մարդուն չես կարող ասել՝ քո իդեալական քաշն այսքան կիլոգրամ է, եւ դու պետք է դրան հասնես։ Մենք ասում ենք՝ պետք է նվազեցնել քաշի 10%-ը», - ասաց նա։
Այսպիսով, այսօր ճարպակալումով տառապող մարդկանց նախ առաջարկվում է քաշի 10%-ը նվազեցնել 6 ամսվա ընթացքում։ Երբ այդ նպատակին հասնում են, կրկին գնահատվում է պացիենտի վիճակը եւ որոշում ընդունվում՝ պետք է արդյոք եւս 10% քաշ գցել։
«Նիհարելու ժամանակ շատ կարեւոր է իրատեսական նպատակ դնել։ Եթե Դուք բարդ նպատակ դնեք Ձեր առջեւ ու չհասնեք դրան, հոգեբանորեն շատ դժվար կլինի», - նշեց դիետոլոգը։






