Բոստոնից գիտնականների խումբը ԴՆԹ-ի 15 նախկինում անհայտ հատված է հայտնաբերել, որոնք կապված են դեպրեսիայի հետ: Այդպիսով նրանք այն եզրակացությանն են հանգել, որ դեպրեսիային կանխատրամադրվածությունը հնարավոր է ժառանգել:
Գիտնականներն իրենց հետազոտության շրջանակում վերլուծել են ավելի քան 300 000 մարդու գենոմի վերաբերյալ տվյալներ, որոնք հավաքվել էին 23andMe կենսատեխնոլոգիական ընկերության կողմից, որը հաճախորդներին գենոմի սեկվենավորման եւ տարբեր հիվանդություններին կանխատրամադրվածության հայտնաբերման ծառայություններ է տրամադրում: Դեպրեսիան ախտորոշվել է ավելի քան 75 000 մարդու մոտ:
Հեղինակներն այս տվյալները միավորել են պակաս ծավալուն հետազոտության արդյունքների հետ, որում ուսումնասիրվել է դեպրեսիայով տառապող 9200 հիվանդի գենոմը, ինչպես նաեւ վերահսկիչ խմբի մեջ մտնող 9500 առողջ կամավորի գենոմը: Բոլոր տվյալներն ուսումնասիրելով` նրանք ԴՆԹ-ի 15 հատված են ճանաչել, որոնք կապված են դեպրեսիայի հետ, որոնցից որոշները վերաբերել են գլխուղեղի զարգացմանը մասնակցող գեների:
Հետազոտողներից մեկը` Ռոյ Պերլիսը նշել է, որ դեպրեսիայի զարգացման գենետիկական պատճառների հայտնաբերումը կարող է արմատապես փոխել մոտեցումն այդ հիվանդության բուժմանը: Այժմ դեպրեսիայի բուժման համար օգտագործվում են վերջերս մշակված մեթոդներ: Դեպրեսիայի ի հայտ գալու ռիսկը մեծացնող գենետիկական բաղադրիչի ուսումնասիրությունը կարող է օգնել` հասկանալու, թե ընդհանրապես ինչու է դեպրեսիա առաջանում եւ իր հերթին կարող է ճամփա բացել բուժման առավել արդյունավետ մեթոդների մշակման համար:
Այդ հետազոտության մասին հայտնում է Nature Genetics ամսագիրը:






