University of California-ի մասնագետները արյան մեջ ալկոհոլի չափման նոր միջոց են մշակել, որը կարող է հրաշալի այլընտրանք դառնալ այսօր կիրառվող մեթոդներին: Ժամանակավոր դաջվածքը, որը նրանք մշակել են, փակցվում է մաշկին եւ օգտատիրոջ հեռախոսին Bluetooth-ով տեղեկություն է փոխանցում այն մասին, թե վերջինս որքան է խմել: Չափից շատ խմած մարդն այդ սարքի շնորհիվ կարող է հասկանալ, որ չարժե նստել ղեկի դիմաց:
Դաջվածքը երկու մասից է կազմված: Առաջին մասը փակցվում է մաշկին եւ մագնիս է պարունակում, որին էլեկտրոդներով փոքրիկ պլատա է ամրացվում, որը 5 րոպեի ընթացքում էլեկտրական հոսանք է առաջացնում: Այդ հոսանքը, իր հերթին, ակտիվացնում է դաջվածքը, որի վրա քրտնարտադրությանը նպաստող գել կա: Երբ ամբողջ դաջվածքը քրտինքից խոնավանում է, ալկոհոլի հանդեպ զգայուն էնզիմի հիմքի վրա պատրաստված էլեկտրաքիմիական տվիչը չափում է ալկոհոլի մակարդակը: Հետագայում տվյալները Bluetooth տեխնոլոգիայի օգնությամբ ուղարկվում են տիրոջ սմարթֆոնին:
Նոր սարքը փորձարկվել է 9 առողջ կամավորի վրա, որոնք չափումներ են արել ալկոհոլի օգտագործումից առաջ եւ հետո: Սարքի տվյալները բավականին ճշգրիտ են եղել, բացի այդ, համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մերսյեի խոսքով, դաջվածքի արժեքn ընդամենը մի քանի ցենտ է կազմում, այդ պատճառով այն մատչելի է բոլորի համար եւ կարող է միանգամյա օգտագործվել:
Չափման համար նման դաջվածք կարող են օգտագործել, օրինակ, ոստիկանության աշխատակիցները կամ ցանկացած մարդ, որն ուզում է իմանալ, թե արդյոք շատ է խմել: Մասնավորապես, դաջվածքը կօգնի պարզել, թե արդյոք հնարավոր է նստել ղեկի առջեւ ալկոհոլի այն քանակությունից հետո, որն օգտագործել է վարորդը, թե ավելի լավ է տաքսի կանչել: Գիտնականներն ընդգծում են, որ ամենից ճիշտն իհարկե ղեկի առաջ չխմելն է:
Այժմ հետազոտողները նախատեսել են փորձարկումները շարունակել մարդկանց ավելի մեծ քանակության վրա: Նրանք նաեւ աշխատում են սարքի ավելի կատարելագործված տարբերակի վրա, որն ի վիճակի է չափել արյան մեջ ալկոհոլի քանակը 24 ժամվա ընթացքում: Նման տարբերակը կարող է բժիշկներին պիտանի լինել հիվանդների կողմից ալկոհոլի օրական օգտագործումը չափելու համար:






