16-21 տարեկան յուրաքանչյուր տասներորդ բրիտանացին սեռական բնույթի խնդիրների է բախվում: Այդ մասին է վկայում հարցումը, որի արդյունքները հրապարակել է գիտական Journal of Adolescent Health ամսագիրը:
Հետազոտության շրջանակում Գլազգոյի համալսարանի գիտնականները վերլուծել են այդ տարիքային խմբի 1875 սեռականորեն ակտիվ եւ 500 ոչ ակտիվ ներկայացուցիչներից ստացված տվյալներ: Պարզվել է, որ ամեն տասներորդ պատանին եւ ամեն ութերորդ աղջիկը, որոնք ակտիվ սեռական կյանքով են ապրում, վերջին 12 ամսվա ընթացքում բախվել են սեքսի հետ կապված խնդիրների:
Պարզվել է, որ պատանիների շրջանում առավել տարածված են էրեկցիայի, չափից արագ օրգազմի հասնելու եւ սեքսի հանդեպ հետաքրքրության բացակայության կամ պակասի հետ կապված խնդիրները: Պարզվել է, որ աղջիկների շրջանում ամենատարածված խնդիրը օրգազմի հասնելու դժվարությունն է:
Գիտնականների խոսքով, անհրաժեշտ է այդ խնդիրները լուծել սեռական հասունության ամենավաղ փուլերում, հակառակ դեպքում դրանք կարող են նորմալ փոխհարաբերությունների եւ սեռական կյանքով բավարարվածության խոչընդոտ դառնալ:
«Երբ խոսում են երիտասարդների սեռական կյանքի մասին, նախ եւ առաջ զգուշացնում են սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների եւ անցանկալի հղիության դեմ: Բայց մենք պետք է հոգ տանենք երիտասարդների սեռական առողջությանը անհամեմատ ավելի լայն համատեքստում», - նշել է հետազոտության ղեկավար Քիրստին Միտչելը Գլազգոյի համալսարանից:
Հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Կայա Վելլինգսը Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցից կարծում է, որ արժե փոփոխել դպրոցներում սեռական դաստիարակության ծրագիրը:
«Բրիտանիայում ծրագրի շրջանակում հաճախ չեն խոսում այնպիսի կողմերի մասին, ինչպիսին սեռական բավարարվածությունն է, բայց այդ հարցի քննարկումը շատ կարեւոր է երիտասարդների համար,-նշել է Վելլինգսը: Ավելի ճիշտ սեռական դաստիարակությունը կարող էր օգնել բացահայտել սեքսի վերաբերյալ առասպելները, ներառել սեռական բավարարվածության եւ փոխհարաբերություններում հավասարության հարցերը»:






