GlaxoSmithKline ընկերությունը Verily Life Sciences-ի հետ (Google-ի ստորաբաժանումներից մեկը) Galvani Bioelectronics ընկերությունն են ստեղծում, որը կզբաղվի ներդրվող միկրոչիպերի արտադրությամբ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ազդել նյարդային ազդակների փոխանցման վրա:
Մշակողների կարծիքով, այդ սարքերը հնարավոր կլինի կիրառել տարբեր խրոնիկական հիվանդությունների, օրինակ` ասթմայի, հոդացավի կամ դիաբետի բուժման գործում:
Առաջին միկրոչիպերը հիվանդների օրգանիզմում կտեղադրվեն արդեն յոթ տարի անց: Galvani Bioelectronics-ի ղեկավար Քրիս Ֆամմը նշել է, որ դրանք արդեն հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա եւ ստացված տվյալները վկայում են, որ դրանք կկարողանան նաեւ մարդկանց օգնել:
Մշակողները կարծում են, որ իրենց ստեղծած սարքերը դեղամիջոցների այլընտրանք կդառնան. հիվանդներին անհրաժեշտ կլինի ուղղակի տեղադրել կենսաչիպը, իսկ դեղերի կանոնավոր ընդունման կարիք չի լինի: Նանոտեխնոլոգիաների կիրառության շնորհիվ փոքրիկ սարքն իրոք փոքր կլինի` բրնձի հատիկի չափ, դրա համար էլ այն շատ հեշտորեն կտեղադրվի:
Galvani Bioelectronics-ի իրականացրած գաղափարը նոր չէ. արդեն ակտիվորեն օգտագործվում են սրտի խթանիչներ, գլխուղեղի խորը խթանման սարքեր, որոնք օգտագործվում են դեպրեսիայի եւ Պարկինսոնի հիվանդության բուժման մեջ, ինչպես նաեւ ներդրվող սարքեր, որոնք մշակված են ճարպակալում ունեցող մարդկանց համար եւ օգնում են վերահսկել ախորժակը:






