Գիտնականներն ապացուցել են այնպիսի գեների փոխանցման մեխանիզմի առկայությունը, որոնք վնաս են պատճառում արական սեռի սերնդին, բայց անվնաս են իգական սեռի համար:  Տվյալ մեխանիզմը հայտնի է որպես «մոր անեծք»: Վանդերբիլտի համալսարանի եւ Ֆրեդ Հատչինսոնի անվան Քաղցկեղի հետազոտման կենտրոնի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է eLife ամսագրում:

Հետազոտության հեղինակների խոսքով, մեխանիզմը պայմանավորված է նրանով, որ էուկարիոտների բջիջներում գենոմի երկու անկախ մաս կա, որոնց միջեւ   «սպառազինության մրցավազք» է ընթանում: Գենոմի մեծ մասը տեղադրված է միջուկում, առավել փոքրը` միտոխոնդրիումում: Բջջի միջուկում պարունակվող գենոմի մասը կազմված է երկու ծնողի գենետիկ նյութից, իսկ միտոխոնդրիալ ԴՆԹ-ն` միայն մայրական: 

Բնական ընտրությունը ճնշում է կանացի առանձնյակներին թուլացնող մուտացիաները, բայց գենոմի միտոխոնդրիալ մասում գոյություն չունի ուղղակի մեխանիզմ տղամարդկանց վնասող մուտացիաներից ազատվելու համար: Դա հանգեցնում է  «մոր անեծքի»: Բույսերի բջիջներում միտոխոնդրիումներն անհամեմատ ավելի շատ ԴՆԹ են պարունակում, ինչի շնորհիվ այդ անսովոր մեխանիզմը բույսերի մոտ ավելի շուտ է հայտնաբերվել, հայտնում են հետազոտողները:  Գիտնականները պտղային ճանճի` դրոզոֆիլի մոտ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի մուտացիաներ են հայտնաբերել, որոնք տարիքի հետ նվազեցնում են սերնդի տղամարդկային մասի բեղունությունը, բայց անվնաս են կանացի առանձնյակների համար: 

«Մոր անեծքը» բնական ընտրության ամենատարօրինակ հետեւանքներից է: Էվոլյուցիայի տեսության համաձայն, գենոմի` միջուկում եւ միտոխոնդրիումներում ամփոփված մասերն անմիջական մրցակցության մեջ են. մի մասում դրական փոփոխությունները ԴՆԹ-ի մյուս մասին դրդում են հարմարվելու: