Ավելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը, ցույց են տվել սլացիկ եւ գեր մարդկանց նյարդային համակարգի վիճակի դիտարկումները: Պարզվել է, որ գեր մարդկանց ուղեղի հյուսվածքը միջինը 10 տարով ավելի մեծ է երեւում, քան նրանց տարեկիցներինը, որոնք քաշի խնդիր չունեն:

«Ծերանալուն զուգահեռ մեր ուղեղի ծավալն աստիճանաբար փոքրանում է եւ գեր մարդկանց մոտ այդ գործընթացը չգիտես ինչու ավելի արագ է ընթանում, քան նորմալ քաշով մարդկանց մոտ: Մենք չգիտենք, թե դա ինչու է տեղի ունենում, կարող ենք միայն գուշակել ` ճարպակալումն է  ուղեղի արագացված «չորացում»  առաջ բերում, թե հակառակը` ճարպակալում են առաջացնում այն գործընթացները, որոնք ուղեղին ստիպում են ավելի արագ ծերանալ», — հայտնել է Լիզա Ռոնանը (Lisa Ronan) Քեմբրիջի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Ռոնանն ու իր գործընկերները այդ անսովոր երեւույթը բացահայտել են` ուսումնասիրելով Քեմբրիջի 20-ից 87 տարեկան ավելի քան մեկ ու կես հազար բնակչի ուղեղի լուսանկարները, որոնք ստացվել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ քաղաքի հիվանդանոցներից մեկից:  

Դրանց վերլուծությունը ցույց է տվել, որ սլացիկ եւ գեր մարդկանց ուղեղի կառուցվածքում տարբերություններ իրոք գոյություն են ունեցել եւ սկսել են նկատելիորեն ի հայտ գալ միայն 40 տարեկանից հետո: Այդ նիշն անցնելուց հետո գեր մարդկանց ուղեղը սկսել է հետեւողականորեն ծերանալ եւ կրճատվել ծավալի առումով, իսկ 50 տարեկանում նրա ծավալը եւ կառուցվածքը համապատասխանել են նրան, ինչ տեսք ունեցել է սլացիկ մարդկանց ուղեղը   60 տարեկանում:

Հետաքրքիր է, որ տվյալ գործընթացը հիմնականում կապ է ունեցել ուղեղի սպիտակ նյութի հետ եւ գրեթե կապ չի ունեցել կեղեւի հետ, որի մակերեսը եւ հաստությունը գրեթե նույնն է եղել ինչպես գեր, այնպես էլ նիհար տարեցների մոտ:  Դա ընդհանուր առմամբ համապատասխանում է նրան, որ տարիքային այդ խմբում գեր եւ նիհար մարդկանց մտածողական կարողությունները եւ  IQ-ն մոտավորապես հավասար են:

Առայժմ գիտնականները չգիտեն, թե որն է պատճառ եւ որը` հետեւանք գերերի ուղեղի արագացված ծերացման երեւույթում: Այդ հարցի պատասխանը, Ռոնանի կարծիքով, ծայրաստիճան կարեւոր է, որովհետեւ երկրի բնակչությունը հետեւողականորեն ծերանում եւ գիրանում է եւ ուղեղի պաշտպանությունը թոշնումից կարող է հետագա տասնամյակներին բժշկության գլխավոր խնդիրներից մեկը դառնալ: