Johns Hopkins Kimmel Cancer Center-ի գիտնականները նոր համակարգ են մշակել, որը կարող է օգնել գնահատել ուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակների դեմ հակաուռուցքային դեղամիջոցների արդյունավետությունը:   Գիտնականները հույս ունեն այդ համակարգի օգնությամբ այնպիսի դեղեր հայտնաբերել, որոնք ի վիճակի են հաղթահարել մեդուլլոբլասթոման եւ քաղցկեղի այլ հազվագյուտ տեսակներ, որոնք դժվարությամբ են բուժվում: 

Հետազոտողներին հաջողվել է ցողունային բջիջները վերածել գլխուղեղի ագրեսիվ եւ հազվագյուտ ուռուցքի` մեդուլլոբլասթոմայի բջիջների, որը սովորաբար երեխաների մոտ է զարգանում: Նման մոդելն անհամեմատ ավելի հարմարավետ է, քան մկան բջիջները, որոնք հաճախ օգտագործվում են նման փորձարկումներում. դրանք օգտագործելով` հեղինակները կկարողանան գնահատել այդ ուռուցքի դեմ պայքարի համար նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը:  

Սովորաբար մեդուլլոբլասթոմայի բուժման համար ճառագայթային թերապիայի եւ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցների համադրություն են օգտագործում: Նույնիսկ նման բուժման դեպքում ապրելիությունն ընդամենը 30-40 տոկոս է կազմում:

Այն բջիջները, որ գիտնականները կարողացել են ստանալ ցողունայիններից, ունեն մեդուլլոբլասթոմայի բջիջների բոլոր բնութագրերը: Հեղինակները կարողացել են ստուգել դեղամիջոցների մեծ քանակություն եւ պարզել, որ մեդուլլոբլասթոմայի հազվագյուտ տեսակի բուժման գործում առավել արդյունավետ են ցիկլինկինազի ինհիբիտորները:   Պալբոցիկլիբը եւ այլ դեղամիջոցներ, որոնք այդ խմբի մեջ են մտնում, այժմ կլինիկական փորձարկումների առաջին փուլն են անցնում. դեղերը փորձարկում են ուղեղի տարբեր ուռուցքներով երեխաների վրա: 

Բջիջների վրա փորձարկումներում այդ դեղամիջոցները երկու անգամ նվազեցրել են ուռուցքային աճը եւ երեք անգամ մեծացրել են քաղցկեղային բջիջների ապոպտոզի մակարդակը:  Հազվագյուտ տեսակի մեդուլլոբլասթոմայով մկների ապրելիությունը եւս աճել է: Գիտնականները հույս ունեն նոր մոդելի օգնությամբ նաեւ այլ դեղամիջոցներ գտնել, որոնք ի վիճակի են պայքարել քաղցկեղի հավագյուտ տեսակների դեմ: