Վազելն ավելի վտանգավոր է, քան բռնցքամարտով եւ ռեգբիով զբաղվելը. բռնցքամարտիկները եւ ռեգբի խաղացողներն անհամեմատ ավելի քիչ վնասվածքներ են ստանում, պնդում են Benenden ընկերությունից բրիտանացի հետազոտողները:
Շատերը կարծում են, թե սպորտի ամենավնասվածքավտանգ տեսակներն են ռեգբին, բռնցքամարտը եւ ձիավարությունը: Վնասվածքավտանգ են համարվում նաեւ արեւելյան մարտարվեստները եւ փաուերլիֆթինգը: Սակայն ճշմարտությունն այն է, որ մարդիկ զգալիորեն ավելի շատ վնասվածքներ են ստանում ֆուտբոլ խաղալու կամ վազքով զբաղվելու ընթացքում, քան բռնցքամարտի ռինգում կամ թամբին: Ստացված վնասվածքների թվով առաջին տեղում ֆուտբոլն է, երկրորդում` բռնցքամարտով զբաղվելը, երրորդում` ռեգբին: Առաջին հնգյակը եզրափակում է հեծանիվ քշելը եւ լողը:
Հարցմանը մասնակցած ծնողների մեծամասնությունը (74 տոկոս) ասել է, որ կվախենային, եթե իրենց երեխաները բռնցքամարտով զբաղվեին: Հարցվածների 29 տոկոսը վտանգավոր է համարել փաուերլիֆթինգը, 37 տոկոսը` ռեգբին: Ծնողների մեծամասնությունն ասել է, որ կուզեր, որ իր երեխաները սեղանի թենիսով կամ բադմինթոնով զբաղվեին: Մեծ Բրիտանիայում հատուկ սեր է վայելում նաեւ այդտեղ հորինված ֆուտբոլը, բայց սպորտի հենց այդ տեսակում է վնասվածք ստանում ամեն հինգերորդ մասնակից:
Ընդհանուր առմամբ, հարցումը ցույց է տվել, որ մարզիկները 6 անգամ ավելի շատ են վնասվածք ստանում ֆուտբոլ խաղալու ընթացքում, քան դա ի սկզբանե ակնկալվում էր: Առավել տարածված վնասվածքներ են դարձել կոճի ոլորումը (40 տոկոս), ծնկի վնասումը (32 տոկոս) եւ ուղեղի ցնցումը (13 տոկոս): Պարզվել է, որ ֆուտբոլ խաղալու ընթացքում մարզիկները 4 անգամ ավելի հաճախակի են վնասվածք ստանում, քան ռեգբի խաղալիս:






