Ճարպակալման կանխարգելման եւ ավելորդ քաշի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ սնվել, այլեւ նորմալ քնել, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունների մասին պատմել է  Psychoneuroendocrinology ամսագիրը: Մասնավորապես, անհրաժեշտ է առնվազն  7.5 ժամ քնել:

Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ուղիղ կապ են հայտնաբերել մարդու քաշի եւ նրա հետ, թե նա ինչպես է քնում:  Գիտնականները հիշեցրել են, որ մարդկային օրգանիզմում երկու հորմոն է վերահսկում ախորժակը. գրելինը   (քաղցի հորմոնը) եւ լեպտինը (հագեցածության հորմոնը): Երկուսի մակարդակն էլ կախված է գիշերային հանգստից. եթե մարդը լավ չի քնել, նրա օրգանիզմում աճում է գրելինի պարունակությունը, որը խթանում է ախորժակը, եւ նվազում է լեպտինի պարունակությունը, որի հետեւանքով հագեցածության զգացողությունը բթանում է: 

Ամերիկացի գիտնականներն անքնությամբ տառապող մարդկանց մոտ գիշերային ժամերին   գրելինի պարունակության մակարդակի զգալի բարձրացում են ի հայտ բերել: Հետազոտողների կարծիքով, հենց ի հայտ եկող հորմոնային դիսբալանսն է ապահովում ախորժակի աճն արդեն ցերեկային ժամերին եւ հետագայում ավելորդ քաշի առաջացումը: 

Քնի պակասը հանգեցնում է նաեւ օրգանիզմում մեկ այլ հորմոնի` կորտիզոլի պարունակության մեծացմանը: Հենց կորտիզոլն է մարդուն մղում, որ նա որեւէ   «քաղցր» բան ուտի` բարձրկալորիական սնունդ:

Գլխուղեղը, աճի հորմոն արտադրելով, զսպում է կորտիզոլի գրոհները: Խորը քնի փուլում աճի հորմոնն օգնում է ճարպը կալորիաների վերածել, ինչն ի վերջո թույլ է տալիս նորմալ քաշ պահպանել եւ նվազեցնել ավելորդ քաշը: Բայց անքնության կամ քիչ քնելու դեպքում օրգանիզմը չի հասցնում անել այդ աշխատանքը եւ այդպես ճարպի կուտակում է տեղի ունենում: 

Քնի խնդիրների փորձագետ Մայքլ Բրեուսը, որն աշխատում է «Սաութուեսթ սփայն էնդ սպորտս» (Արիզոնա) վերականգնողական կենտրոնում, համոզված է, որ հասուն մարդը պետք է օրական առնվազն   7,5 ժամ քնի, որպեսզի չգիրանա: Բրեուսի կարծիքով, անցկացված հետազոտության արդյունքները հաստատում են. նորմալ քաշը պայմանավորված է երեք գործոնով` սննդակարգով, չափավոր ֆիզիկական վարժություններով եւ լիարժեք քնով: