Գիտնականները պարզել են կենդանական բոլոր տեսակների համար ընդհանուր գեները, որոնք նպաստում են վերջույթների վերականգնմանը:
Մաունթ Դեզերտ կղզում Կենսաբանական լաբորատորիայի հետազոտողները սեկվենավորման տեխնոլոգիայի (ԴՆԹ-ի կառուցվածքը պարզելու) օգնությամբ ուսումնասիրել են այն օրգանիզմների գենոմները, որոնք հայտնի են կորսված լողակները կամ թաթերը վերականգնելու կարողությամբ. ակվարիումային դանիո-ռերիո ձկների (Danio rerio), ակսոլոտլների (Ambystoma ցեղատեսակի երկկենցաղների թրթուրների), Մեքսիկայի լճերի սալամանդրների (Salamandra ցեղատեսակ) եւ ճառագայթափետուր ձկների (Actinopterygii դաս), որոնք ապրում են Աֆրիկայի ջրամբարներում:
Նրանց հաջողվել է ի հայտ բերել այն գենետիկ մեխանիզմները, որոնք ներկա են հետազոտվող տեսակներից յուրաքանչյուրում: Քանի որ տվյալ օրգանիզմների ընդհանուր նախնին գոյություն է ունեցել 420 մլն տարի առաջ եւ ժամանակակից կենդանիների մեծամասնությունը, ներառյալ` մարդիկ, նրա սերունդներն են, պետք է որ տիրապետեն վերոհիշյալ գեներին: ԴՆԹ-ի այդ հատվածները կարեւոր դեր են խաղում բալստեմայի ձեւավորման մեջ` բջիջների պոպուլյացիայի, որոնք կուտակվում են վերքի մեջ վերջույթների անդամահատումից հետո: Դրանցից հետագայում նոր վերջույթ է աճում կորսվածի փոխարեն:
Գեների վրա ազդում է կարգավորող մոլեկուլների` միկրոՌՆԹ-ների ցանց, որոնք անջատում են ԴՆԹ-ի ակտիվ հատվածները: Գուցե հենց այդ պատճառով մարդու մոտ հյուսվածքների վերականգնման մեխանիզմներն այնքան ակտիվ չեն, որքան կենդանիների մոտ: Եթե ազդեն միկրոՌՆԹ-ների վրա, հետագայում հնարավոր է բուժման նոր մեթոդներ մշակել, որոնք նպաստում են վերքերի արագ առողջացմանը եւ վարակների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաեւ կորսված ձեռքերի եւ ոտքերի վերականգնմանը:






