Չեխ հետազոտողները պարզել են, որ ՄԻԱՎ-ի հետ կապված ռետրովիրուսները կարող էին ի հայտ գալ գրեթե   60 մլն տարի առաջ:  Չեխիայի Գիտությունների ակադեմիայից Դանիել Էլլեդերի ղեկավարությամբ հետազոտության մասին նյութը Պրահայում հրապարակվել է Molecular Biology and Evolution ամսագրում:

ՄԻԱՎ-ը լենտիվիրուսների ներկայացուցիչ է, որոնք երկարատեւ ինկուբացիոն ժամանակաշրջան ունեն եւ կաթնասունների մոտ խրոնիկական հիվանդությունների սպեկտր են առաջացնում, սակայն շատ քիչ են տեղեկությունները դրանց ծագման եւ էվոլյուցիայի վերաբերյալ:  Այդ պատճառով չեխ գիտնականները որոշել են ուսումնասիրել լեմուրների, ճագարների եւ ժանտաքիսների մոտ նման վիրուսային գեները:  

Մինչեւ վերջերս համարվում էր, որ լենտիվիրուսների ամենահին հայտնի կլոնները   3-ից  12 մլն տարեկան են: Սակայն նոր հետազոտությունը ՄԻԱՎ-ի հետ կապված ռետրովիրուսների ծագումը հետ է տարել 60 մլն տարով: Չեխ գիտնականները հույս ունեն ավելի խորն ուսումնասիրել ՄԻԱՎ-ի ժամանակագրությունը եւ լենտիվիրուսներն ուսումնասիրել կենդանիների ավելի լայն սպեկտրում` պատասխանելու վիրուսի էվոլյուցիայի մասին հարցերի: