Ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության երկարաժամկետ հետեւանքները մեծապես չափազանցված են, պնդում է մոլեկուլյար կենսաբան Բերտրան Ջորդանը Ֆրանսիայից: Հետազոտությունը հրապարակվել է GENETICS ամսագրում:
Ողջ մնացածների շրջանում քաղցկեղով հիվանդացման ցուցանիշներն ավելի բարձր էին, քան ճառագայթման չենթարկվածների շրջանում, բայց` աննշան: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը մեծացել է տուժածների տարիքի հետ եւ կախված է եղել պայթյունի պահին էպիկենտրոնից հեռավորությունից: Կանայք քաղցկեղից ավելի հաճախ էին տառապել, քան տղամարդիկ: 1958-1998 թվականներին ճառագայթման ենթարկվածների շրջանում հիվանդացումը 10 տոկոսով ավելի բարձր է եղել, քան մնացածի մոտ ( հետազոտության այդ մասում անալիզի ենթարկված 44635 տուժածի շրջանում 848 լրացուցիչ դեպք):
Ողջ մնացածների մեծամասնությունը ճառագայթման փոքր չափաբաժին էր ստացել (1 գրեյից պակաս): Իոնիզացնող ճառագայթման ավելի բարձր չափաբաժնի հետ կապված է քաղցկեղային հիվանդությունների զարգացման մեծ ռիսկ (44 տոկոս) եւ կյանքի միջին տեւողության 1,3 տարով նվազում: Երեխաների մոտ գենետիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Ռմբակոծման ենթարկվածների կյանքի միջին տեւողությունը մի քանի ամսով պակաս է, քան ճառագայթման չենթարկվածների մոտ:
Գիտնականը ամփոփել է 60 տարվա աշխատանքները, որոնք նվիրված են ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծման հետեւանքներին: Կենսաբանի վերլուծությունը հաշվի է առնում տեղեկությունները 100 հազարավոր ողջ մնացածների, նրանց 77 հազար երեխայի եւ ճառագայթման չենթարկված 20 հազար մարդու մասին: Գիտնականը հետեւյալ եզրահանգումներն է արել:
«Մարդկանց մեծամասնությունը, այդ թվում` շատ գիտնականներ, ենթադրում են, որ ողջ մնացածները բախվել են առողջության համար հյուծող հետեւանքների եւ քաղցկեղով հիվանդացման շատ բարձր ցուցանիշների,-ասել է Ջորդանը: Հսկայական խզում կա այդ պատկերացումների եւ նրա միջեւ, ինչն իրականում պարզվել է հետազոտողների կողմից»:
Գիտնականը հասարակայնությանը կոչ է անում ուշադրություն դարձնել ոչ թե ատոմային էներգետիկայի չափազանցված վտանգների եւ ճապոնական քաղաքների ռմբակոծությունների հետեւանքների վրա, այլ բնապահպանական խնդիրների, որոնք կապված են ածխային եւ քիմիական արդյունաբերությունների հետ: Այդ ոլորտները, գիտնականի խոսքով, անհամեմատ ավելի մեծ ներդրում ունեն քաղցկեղային հիվանդությունների զարգացման գործում:






