Ինչն է ավելի լավ` նիհար լինել, թե գեր: Շատերը կասեին, որ   նիհար լինելն ավելի լավ է, բայց այդպես չէ: Նորվեգիայից դիետոլոգները պարզել են, որ առողջության համար վնասակար է նորմալ քաշից ցանկացած շեղում` եւ նիհարությունը, եւ գիրությունը: 

Հետաքրքիր է, որ ինչպես պնդում են գիտնականները, չափազանց նիհար մարդիկ, որպես կանոն, ավելի քիչ են ապրում, քան իրենց նորմալ քաշով հասակակիցները: Գիտնականները նման եզրակացությունների են հանգել  կամավորների խմբի 10-ամյա հետազոտություններից հետո: Հետազոտության` չափազանց զարգացած նիհարությամբ (քաշն ավելի ցածր է, քան մարմնի թույլատրելի ինդեքսը) մասնակիցների 90 տոկոսը մահացել է միջինը 8 տարի ավելի շուտ, քան մարմնի նորմալ քաշով մասնակիցները: 

Մասնակիցների խոսքով, նիհարությունը շատ հաճախ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է ենթադրում. նիհար մարդկանց, ինչպես եւ ճարպակալմամբ մարդկանց մոտ բարձր է սրտանոթային հիվանդությունների, հոգեկան խանգարումների, չարորակ նորագոյացությունների ռիսկը: 

Բայց գեր մարդիկ եւս վախենալու բան ունեն: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցման` ավելորդ քաշ ունեցող մասնակիցները  4 տարով պակաս է ապրել, քան նորմալ քաշով իրենց տարեկիցների մեծամասնությունը: 

Հիշեցնենք, որ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.  ՄԶԻ = m/h2, որտեղ  m-ն զանգվածն է կգ-ներով, h-ն` հասակը մետրերով (քաշը բաժանվում է հասակի քառակուսու վրա): ՄԶԻ-ի նորմալ ցուցանիշը 18,5-ից 25-ն է: 18.5-ից պակաս ՄԶԻ ունեցող մարդիկ չափազանց նիհար են համարվում, իսկ    25-ից բարձր ՄԶԻ ունեցող մարդիկ ավելորդ քաշ ունեն: