Լոնդոնի համալսարանի բրիտանացի գիտնականները բացառիկ դեղամիջոց են մշակել, որը զգալիորեն երկարացնում է ենթաստամոքսային գեղձի մետաստազներ տված քաղցկեղով հիվանդների կյանքը: Միաժամանակ, IMM-101 անվանումով դեղամիջոցը, գիտնականների խոսքով, կողմնակի էֆեկտներ չունի, այն իմունային համակարգին ստիպում է հարձակվել քաղցկեղային բջիջների վրա, իսկ առողջ բջիջներն անվնաս են մնում:
IMM-101-ն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել, որոնց 110 մարդ է մասնակցել, որոնց 85 տոկոսի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը մետաստատիկ ձեւում էր: Արդյունքում հիվանդները, որոնք ստանդարտ բուժում են անցել, այսինքն` քիմիաթերապիա են ստացել, միջինը 4,4 ամիս են ապրել: Իսկ նրանք, ում վրա փորձարկել են նոր մեթոդը, ողջ են մնացել յոթ ամիս եւ ավելի:
Նոր դեղամիջոցը ոչ միայն մեծացնում է ծանր հիվանդների կյանքի տեւողությունը, այլեւ էականորեն թեթեւացնում է հիվանդության ընթացքը: Սակայն թերահավատորեն տրամադրված մասնագետները մատնանշում են, որ IMM-101-ն չի բուժում, այլ ընդամենը աննշան մեծացնում է քաղցկեղով հիվանդների ցուցանիշները, նույնիսկ եթե որոշ դեպքերում դեղամիջոցը հիվանդների կյանքը երկարացրել է մի քանի տարով:
Փորձագետները վստահ են, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ այդ դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցելու համար: Նրանք հիշեցնում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դժվար է բուժման ենթարկվում, իսկ հիվանդների ապրելիությունն առաջվա նման չափազանց ցածր է, այդ պատճառով կարեւոր է հնարավորինս արագ այդ քաղցկեղի դեմ պայքարի իրոք արդյունավետ լուծումներ գտնել:






