Նոր նյութի մեկանգամյա ներարկումը կարող է պաշտպանել մալարիայով վարակումից, պնդում են Massachusetts Institute of Technology-ի գիտնականները, որոնք այդ դեղամիջոցը փորձարկել են մկների վրա: 

Վերոհիշյալ ինստիտուտից Նոբուտակա Կատոն եւ իր գործընկերները մոտ 100 000 միացություն են վերլուծել, որոնք կարող էին հաղթահարել մալարիան` փնտրելով այնպիսի նյութ, որն այլ կերպ գործեր, քան ներկայումս օգտագործվող դեղամիջոցները: 

Նշենք, որ ներկայումս մալարիայից պաշտպանող պատվաստանյութ չկա: Այդ ոլորտում հետազոտությունները եւ մշակումները չեն դադարում, սակայն առայժմ ոչ մի պատվաստանյութ կլինիկական պրակտիկայում չի օգտագործվում: Պրոֆիլակտիկ նպատակներով խորհուրդ է տրվում ռեպելլենտներ եւ հակամոծակային ցանցեր օգտագործել կամ էլ ուղղակի չայցելել այն երկրներ եւ տարածքներ, որտեղ վարակման ռիսկ կա: 

Ինչ վերաբերում է բուժմանը, մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ գոյություն ունեն, սակայն հեռու են կատարելությունից: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար մարդկանց դեղամիջոցների կրկնակի չափաբաժինների ներարկում է պահանջվում, իսկ որոշ դեղամիջոցներ ժամանակի հետ անարդյունավետ են դառնում, որովհետեւ հիվանդության հարուցիչի մոտ դրանց նկատմամբ կայունություն է զարգանում: Այսպես, մալարիական պլազմոդիում P. Falciparum-ի մոտ կայունություն է ձեւավորվել գործնականում բոլոր դեղամիջոցների դեմ:  

Իսկ այժմ հեղինակները նոր միացություն են գտել, որի մեկ չափաբաժնի ներարկումը մի ամբողջ ամիս կպաշտպանի մալարիայից:  Այդ նյութն ազդում է մալարիական պլազմոդիում ֆենիլալանիլ-տՌՆԿ-ի վրա` մակաբույծին թույլ չտալով բազմանալ լյարդում: 

Խնդիրն այն է, որ փորձարկված միացությունը, որն առայժմ միայն մկների վրա է փորձարկվել, թունավոր է մարդկային բջիջների համար, սակայն շատ գիտնականներ վստահ են, որ մոտ ապագայում իրենց կհաջողվի մոդիֆիկացիայի ենթարկել նյութը` այն մարդու համար ավելի անվնաս դարձնելով: