Ուղեղի կաթվածից հետո դեպրեսիայի զարգացման ռիսկը լրջորեն մեծանում է: Այդ մասին հայտնում են Copenhagen University-ի գիտնականները:

Հետազոտողները, Մերիտ Օսլերի գլխավորությամբ, վերլուծել են 15 տարեկանից մեծ 150 000 հիվանդի մասին տվյալներ, որոնք 2001-ից 2011 թվականներին ուղեղի կաթվածներով հիվանդանոց են տեղափոխվել: Վերահսկիչ խմբի մեջ մտել են ուղեղի կաթված չտարած մարդիկ: 

Պարզվել է, որ ուղեղի կաթված տարած մարդկանց մոտ դեպրեսիան բավականին հաճախ է զարգանում. ուղեղի կաթվածից հետո առաջին երեք ամիսներին դեպրեսիայի առաջացման հավանականությունն աճում է 8 անգամ, իսկ երկու տարի անց հիվանդների մոտ 25 տոկոսը շարունակում է բուժվել դեպրեսիվ խանգարումից:  Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ուղեղի կաթվածից հետո հիվանդներն ավելի հաճախակի են տառապել դեպրեսիայից, քան նրանք, որոնք սրտի կաթված կամ այլ սուր վիճակներ են տարել: 

Ուղեղի կաթված չտարած հիվանդների շրջանում դեպրեսիայի զարգացման հավանականությունը տարիքի հետ մեծացել է:  Բացի այդ, դեպրեսիան առավել հաճախ ի հայտ է եկել կանանց, միայնակ մարդկանց մոտ, ինչպես նաեւ դիաբետով հիվանդների եւ նրանց, որոնց մոտ նախկինում հոգեկան որեւէ խանգարում էր դրսեւորվել:  

Գիտնականների խոսքով, դեպրեսիվ վիճակը բացասաբար է ազդում ուղեղի կաթվածից հետո հիվանդների վերականգնման արագության վրա, ինչպես նաեւ վատացնում է առողջության, օրինակ` սրտանոթային համակարգի հետ կապված արդեն առկա խնդիրները:  Դեպրեսիան նաեւ մեծացնում է կրկնակի ուղեղի կաթվածի ի հայտ գալու ռիսկը: Այդ ամենը, գիտնականների խոսքով, մատնանշում է, որ շատ կարեւոր է ժամանակին նկատել դեպրեսիայի նշանները նրանց մոտ, ովքեր ուղեղի կաթված են տարել: Սակայն դա անելը բավականին բարդ է, որովհետեւ նրանցից շատերի մոտ խախտված է հիշողությունը եւ խոսքը: